Մատչելիության հղումներ

Հրապարակվել է 85-ամյա Մարիցա Քյուչուքի սպանության գործով դատավճիռը


Միակ կասկածյալ Մուրադ Նազարյանը տարեց կնոջը սեփական բնակարանում դաժանաբար սպանելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանը այսօր հրապարակել է 2012 թվականի դեկտեմբերին Ստամբուլի Սամաթիա թաղամասում 85-ամյա հայազգի Մարիցա Քյուչուքի սպանության գործով դատավճիռը:

Միակ կասկածյալ Մուրադ Նազարյանը տարեց կնոջը սեփական բնակարանում դաժանաբար սպանելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատարանը ծանրագույն պատիժ է սահմանել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործության զոհը բոլորովին անպաշտպան է եղել:

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդմամբ, Նազարյանը իր վերջին խոսքն է ասել դատարանում` չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը․ - «Ես մինչև օրս ոչ մեկի հետ չեմ վիճել: Իսկ հիմա մեղադրվում եմ նման հանցագործության մեջ: Ես չեմ գործել այն հանցանքը, որն ինձ վրա են բարդում: Պահանջում եմ ինձ արդարացնել»:

Դատարանի վճիռը դժգոհությամբ է ընդունել Մարիցա Քյուչուքի դուստրը` Բայիզար Միդիլին: Նա նշել է, որ գործն այսպիսով չպետք է ավարտվի:

«Միգուցե սա ռասիստական բնույթի հանցագործություն է: Ինչո՞ւ են մորս սպանել, մերկացրել, կտրել: Մենք նրանց ի՞նչ ենք արել: Մենք միայն ճշմարտությունն ենք ուզում», - ասել է Քյուչուքի դուստրը` պահանջելով բացահայտել իրական մեղավորներին:

Ի պատասխան` դատավոր Էրոլ Ջեյհանը հայտարարել է, որ իրենք հնարավոր ամեն բան արել են:

Դատավարությունից հետո Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրդեն Քեսքինը պարզաբանել է, թե ինչու համաձայն չեն դատարանի որոշմանը․ - «Կասկածյալին վախեցրել են, այդ պատճառով էլ չխոսեց: ԴՆԹ-ի թեստով ապացուցվել էր, որ այս գործում մեկ կասկածյալ չկա: Սա շատ հստակ է»:

Փաստաբանը հավելել է, որ շարունակելու է զբաղվել այս գործով:

2012 թվականի դեկտեմբերի 28-ին հայաշատ Սամաթիա թաղամասում միայնակ բնակվող Մարիցա Քյուչուքի անշնչացած մարմինը հայտնաբերել էր նրա որդին` Զատիկ Քյուչուքը: Հետաքննությունը պարզել էր, որ մարդասպանը մտել էր կնոջ տուն, դանակի յոթ հարված հասցրել նրան, բռունցքով խփել աչքին ու ծնոտին և կտրել կոկորդը: Թեև սկզբում ենթադրվում էր, որ հանցագործությունը խմբակային է եղել, ոստիկանությունը ձերբակալեց միայն մեկ կասկածյալի` Մուրադ Նազարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG