Մատչելիության հղումներ

Գասպարիի կինը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով


Վարգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, արխիվ
Վարգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, արխիվ

Ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ Հայաստանի կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին, փետրվարի 22-ին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 20, ավելի ուշ՝ թիվ 7 խուց, որտեղ վերջինս փետրվարի 22-23-ը ենթարկվել է շարունակական ահաբեկման, նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի:

«Նրան խցակիցները ծեծել են, հայհոյել պարբերաբար, սպառնացել կյանքին և առողջությանը, վրան սառը ջուր լցրել, ապա նորից ծեծել, և այլն: Նրան չեն թույլ տվել օգտվել սենյակի կոմունալ որևէ հարմարությունից, և նա անց է կացրել գիշերը նախ գետնի, այնուհետ՝ խցի սեղանի կողքին դրված փայտե նստարանի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Կազմակերպությունը նշում է, որ չնայած Գասպարին, լինելով հացադուլի և ջրադուլի մեջ, պահանջել է ՔԿՀ-ի անձնակազմից փոխել իր խուցը, ինչն օրենքի պահանջ է, և պաշտպանել իրեն նման վերաբերմունքից, «բանտի անձնակազմը, իրականում, ոչ միայն հրաժարվել է Գասպարիի համար անվտանգ և ապահով պայմաններ ապահովելուց, այլ նաև, բողոքաբերի համոզմամբ, կանգնած են եղել իր ամուսնուն ծեծողների և ահաբեկողների հետևում՝ նպատակ ունենալով նրան լռեցնել»։

«Իրավունքի Եվրոպա միավորման» համոզմամբ, Գասպարիի հայտարարությունները և իշխանությունների՝ անհապաղ և արդյունավետ քննություն իրականացնելու դժկամությունը, միևնույն ժամանակ կալանավայրում Գասպարիի անվտանգության և ապահովության նվազագույն իսկ պայմաններ չապահովելը ցույց են տալիս, որ «վերջինիս նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու ցուցաբերած անմարդկային, նվաստացնող վերաբերմունքն ուղղորդվել են իշխանությունների կողմից՝ հետապնդելով Գասպարիին «պատժելու» և մարդու իրավունքների խախտումների, համատարած կոռուպցիայի, ժողովրդավարական ազատությունների բացակայության դեմ մյուս պայքարողներին զսպելու նպատակ»:

Իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ Եվրոպական դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի շրջանակում կիրառված միջանկյալ միջոցառումն անհապաղ միջոցառում է, որը Եվրադատարանի պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է անդառնալի վնասի անխուսափելի վտանգ:

«Դատարանի կողմից տիկին Այվազիի դիմումի բավարարումը կպարտավորեցնի Հայաստանի կառավարությանը՝ անհապաղ միջոցներ կիրառել կալանավայրում գտնվելու ընթացքում Գասպարիի անվտանգությունը, ապահովությունը և բարօրությունն ապահովելու համար, ինչպես նաև պարբերաբար զեկուցել դատարանին Գասպարիի կալանավորման պայմանների և առողջական վիճակի մասին մինչև խափանման միջոցի վերացումը», - տեղեկացնում է կազմակերպությունը՝ նշելով, որ սույն դիմումով Անահիտ Այվազիի ներկայացուցիչներն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG