Մատչելիության հղումներ

Փաստաբան. «Շուտով մենք Եվրոպական դատարան կներկայացնենք գանգատ Գևորգ Սաֆարյանի մասով»


Կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջև, արխիվ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել Գևորգ Սաֆարյանի կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու՝ դատարանի որոշումը:

Երեկ ուշ երեկոյան մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

«Բոլոր հանգամանքները վկայում են, որ Գևորգ Սաֆարյանի կալանքը նախապես կանխորոշված էր և նա քաղբանտարկյալ է ըստ էության, որովհետև բոլոր դատավորները, երբ որոշում են կայացնում նրա հետ կապված, ակնհայտ անօրինական գործողություններ են կատարում և դուրս են գալիս իրենց լիազորություններից», - ասում է Գևորգ Սաֆարյանի պաշտպանը:

Ըստ Հայրապետյանի՝ երկամսյա նախաքննությունից հետո փոխվել է նաև Գևորգ Սաֆարյանին վերագրվող մեղադրանքի նկարագրությունը․ - «Այսինքն՝ նրան այլևս չեն մեղադրում, որ Գեղամ Խաչատրյանի օրինական պահանջները չի կատարել, ուղղակի նրան մեղադրում են Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար: Մեղադրանքի բնույթն էլ փոխվեց, ավելացավ, որ Գևորգ Սաֆարյանը նաև ոտքով է հարվածել Գեղամ Խաչատրյանին: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ նախաքննական մարմինը չունի որևէ իրական հիմնավորում, չունի որևիցե պատշաճ ապացույց, որ Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ ավելի գեղարվեստական ձևով փորձում է անհիմն մեղադրանքներ առաջադրել, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ բան արել է Գևորգ Սաֆարյանը»:

Տիգրան Հայրապետայանը նշում է, որ, երկարաձգելով Սաֆարյանի կալանքը, դատարանն անգամ չի ներկայացրել, թե ի՞նչ հիմքերով է քաղաքացիական ակտիվիստին անազատության մեջ պահում. - «Գրեց 135 հոդվածի առաջին մասի որոշ հիմքեր առկա են, անգամ չնշեց, թե որ հիմքերը: Բացի այդ, դատարանը նաև նշեց, որ Վճռաբեկ դատարանը իրեն թույլ է տալիս, որ ինքը ընդհանրապես չպատճառաբանի դատական ակտը: Սա արդեն գագաթնակետն է, որ դատարանները հրաժարվում են արդարադատություն իրականացնելուց` հղում են կատարում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա: Սա արդեն, ներողություն եմ խնդրում` լկտիության գագաթնակետն է»:

Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ մինչ այս պահը կայացված չորս դատական ակտերը Տիգրան Հայրապետյանն ապօրինի է որակում և դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին ու Արդարադատության խորհրդին` որոշումները կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Սա դատական համակարգում ամենաթողության մթնոլորտում հանգեցրել է մի վիճակի, երբ դատարանը չի մտածում իր կատարած խախտումների համար պատասխանատվություն կրելու մասին: Այսինքն` նա վստահ է, որ պատասխանատվության չի ենթարկվելու», - ասում է փաստաբանը:

Գևորգ Սաֆարյանի կալանավորման առաջին որոշման մեջ, ըստ Տիգրան Հայրապետյանի, Արդարադատության խորհրդի անդամ, դատավոր Գագիկ Խանդանյանը վկայակոչել է ԵԽԽՎ ընդունած հանձնարարականը, սակայն խեղաթյուրել է դրա բովանդակությունը: Այդ հանձնարարականը կալանքը բացառիկ միջոցների թվին է դասում և այն կիրառելի է համարում այն դեպքում, եթե մեղադրյալին առաջադրվող նվազագույն պատժաչափը էական է: Գևորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքի պատժաչափը 0-ից 5 տարի ազատազրկումն է:

«Գագիկ Խանդանյանը հղում է կատարել հինգ տարվա պատժաչափի վրա, ասել է՝ քանի որ նշանակալի պատժաչափ է, ապա պետք է կալանք կիրառվի: Այնինչ՝ ոչ թե նշանակալի է, այլ 0 է և կա նաև տուգանք: Այսինքն՝ եթե նվազագույն պատժաչափը 0 է, համաձայն Եվրոպայի խորհրդի բանաձևի, ընդհանրապես չի կարելի կալանք կիրառել», - ասում է փաստաբանը:

Գևորգ Սաֆարյանի պաշտպանն ասում է` սպառելով ներպետական բոլոր ատյանները` նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմեն:

«Իհարկե, բոլոր ակտերը պետք է բողոքարկվի մինչև Վճռաբեկ դատարան և Եվրոպական դատարան: Շուտով մենք Եվրոպական դատարան կներկայացնենք գանգատ Գևորգ Սաֆարյանի մասով», - նշեց փաստաբանը, - «Մեզ մնում է միայն գնալ Եվրոպական դատարան ու ասել՝ նայեք մեր դատարանները ինչպես են մեկնաբանում ձեր միջազգային պայմանագրերը և ինչպես են կեղծում միջազգային պայմանագրերը: Չեմ կարծում, որ այլ երկիր կարող է լինել, որ դատավորը կարող է իրեն թույլ տալ այսպիսի բարձր հեղինակություն ունեցող միջազգային պայմանագրերը այսպես աղավաղել, կեղծել և մնալ անպատիժ: Ի դեպ՝ այդ դատավորը Արդարադատության խորհրդի անդամ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG