Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ջանում է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից


Ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթը Բաքվում, հունիս, 2014թ․
Ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթը Բաքվում, հունիս, 2014թ․

Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրում ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններով` պաշտոնական Բաքուն պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում գործող լոբբիստական կառույցներից մեկի` Podesta Group ընկերության հետ, նպատակ ունենալով տապալել Կոնգրեսում շրջանառության մեջ դրված այսպես կոչված «Ադրբեջանի դեմոկրատական ակտ» նախագիծը:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների խախտումների համար ադրբեջանցի պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցների սահմանում նախատեսող այս օրինագիծը շրջանառության մեջ է դրել Նյու Ջերսիից ընտրված հանրապետական կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը: Նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին Սմիթը հայտարարեց դեկտեմբերի 16-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվեց ազատ արձակել բանտերում գտնվող ավելի քան հարյուր քաղբանտարկյալներին: Այս պահին օրինագծին համահեղինակության կարգով միացել են նաև Ներկայացուցիչների պալատի Նյու Յորքից ընտրված դեմոկրատ անդամ Լուիզա Սլոութերը և Նևադայից ընտրված հանրապետական կոնգրեսական Ջո Հեքը:

Ադրբեջանական անկախ «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ Podesta Group-ի հետ հարաբերությունները համակարգում է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալներով՝ լոբբիստական կազմակերպության հետ պայմանագիրը ստորագրել է անձամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

Պայմանագրի դրույթների համաձայն՝ «Podesta Group-ը երաշխավորում է, որ Վաշինգտոնի մի շարք ազդեցիկ գործիչներ հասանելի կլինեն Ադրբեջանի ներկայացուցիչների համար, բացի այդ՝ ընկերությունը պարտավորվում է ուսումնասիրել և վերլուծել [Բաքվի մոտ] անհանգստություն հարուցող հարցերը, խորհրդատվական ծառայություններ մատուցել ամերիկյան քաղաքականության նրբերանգների վերաբերյալ, կապեր հաստատել Կոնգրեսի և գործադիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև Վաշինգտոնում գործող ոչ կառավարական կազմակերպությունների հետ»:

«Թուրան»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը Podesta Group-ին մատուցած ծառայությունների դիմաց ամսական վճարում է 50 հազար ամերիկյան դոլար:

Ադրբեջանական իշխանությունների` Podesta Group-ի հետ համագործակցության վերջնական նպատակը, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների, «Վաշինգտոնում Ադրբեջանի իմիջի բարելավումն է և Քրիսթոֆեր Սմիթի հեղինակած օրինագծի արգելափակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG