Մատչելիության հղումներ

Խամենեին` Ալիևին. «Անհրաժեշտ է հարգել մարդկանց կրոնական զգացմունքները»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ընդունում է Ադրբեջանի նախագահին, Թեհրան, 23-ը փետրվարի, 2016թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ընդունում է Ադրբեջանի նախագահին, Թեհրան, 23-ը փետրվարի, 2016թ.

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կոչ է անում Իլհամ Ալիևին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում իսլամի, մասնավորաբար՝ շիիզմի գաղափարների տարածմանը:

«Երբ մենք աջակցում ենք իսլամական կրթությանը և հարգանք ենք ցուցաբերում մարդկանց կրոնական զգացմունքների հանդեպ, ժողովուրդը դա բարձր է գնահատում: Նման գործելաոճը քաջալերում է մարդկանց պաշտպանելու [պետությանը]` խնդիրներին և սպառնալիքներին դիմակայելիս»,- ասել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեքշաբթի երեկոյան Թեհրանում Իլհամ Ալիևի հետ կայացած բանակցությունների ընթացքում:

Սա Ալիևի` Իրան կատարած պաշտոնական այցի վերջին օրակարգային կետն էր: Հանդիպմանը ներկա էին Ալիևի հետ Թեհրան ժամանած ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Այաթոլա Խամենեին, ով, ի դեպ, ըստ որոշ իրանական աղբյուրների՝ ազգությամբ ադրբեջանցի է, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է.- «Իսլամի, շիիզմի գաղափարները Ադրբեջանի ժողովրդի համար լուրջ արժեքներ են հանդիսանում: Որքան ավելի հարգալից վերաբերվի կառավարությունը կրոնական այդ սկզբունքներին, այնքան ավելի մեծ ժողովրդական աջակցություն կստանա, ժողովուրդն էլ իր հերթին ավելի մեծ հաստատակամությամբ կդիմադրի գերտերությունների թշնամական գործողություններին»։

Ուշագրավ է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի այս հայտարարությունը հնչում է Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախումներից ուղիղ երեք ամիս անց: Նոյեմբերի վերջին ադրբեջանցի ուժայինները հատուկ գործողություն իրականացրեցին Ապշերոնի թերակղզու կրոնական կենտրոն համարվող Նարդարանում, որի ընթացքում` բնակավայրի մզկիթներից մեկում զոհվեցին ադրբեջանցի վեց հավատացյալներ: Նարդարանում տեղի ունեցած իրադարձություններից մի քանի օր առաջ էլ նույնատիպ ոստիկանական գործողություն էր իրականացվել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյանջայի մզկիթներից մեկում` այս անգամ ճիշտ է առանց զոհերի:

Պաշտոնական Թեհրանը տարիներ շարունակ պնդում է, որ ադրբեջանական կառավարությունը հետևողականորեն սահմանափակում է հավատացյալների` նախևառաջ երկրի բնակչության մեծամասնությունը կազմող շիա մահմեդականների իրավունքները: Նման սահմանափակումների դրսևորումներից է, օրինակ, հինգ տարի առաջ երկրի կրթության նախարարության կողմից կայացված որոշումը, որի համաձայն գլխաշորերով մուտքը դպրոցներ և համալսարաններ խստիվ արգելվում էր:

Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ այաթոլա Ալի Խամենեին Իլհամ Ալիևի հետ երեկվա իր հանդիպումն օգտագործեց Ադրբեջանի իշխանություններին հստակ ուղերձ հղելու նպատակով:

«Ադրբեջանի տարածաշրջանում [շիիզմը] խորը արմատներ ունի, Ադրբեջանը մի շարք ականավոր իսլամական մտածողների հայրենիքն է: Ադրբեջանի ժողովուրդը կրոնական գաղափարներին լավ տեղեկացված է և աչալուրջ: Նման իրավիճակում կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունն ու քաջալերումը գրավիչ կլինեն մարդկանց համար, դրանով հնարավոր կլինի շահել մարդկանց զգացմունքներն ու հույզերը»,- դիմելով Ալիևին՝ ասել է Խամենեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG