Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին


Նորընտիր օմբուդսմենին ներկայացրին Հանրապետական կուսակցության ղեկավար անդամներ՝ խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Մեր երկրի նախագահի, Ազգային ժողովի, մեր քաղաքական ղեկավարության անունից ես և պարոն Սահակյանը այսօր պատիվ և առաքելություն ունենք ձեզ, նաև Հայաստանի Հանրապետության ողջ հասարակությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին», - փորձելով ավելի ծանրակշիռ դարձնել օմբուդսմենի ներկայացումը՝ ասաց Հերմինե Նաղդալյանը:

Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, որին այսօր հաճախ են հղում անում պաշտոնյաները, չշրջանցվեց անգամ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացման ժամանակ․ - «Նոր Սահմանադրությամբ, ինչպես օրեր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահը ասաց, մենք նոր շունչ և նոր փուլ ենք մտնում: Մենք ստացել ենք նոր շունչ նոր փուլ մտնելու համար»:

Հովհաննես Սահակյանը գովեց Արման Թաթոյանին: Վկայակոչելով երեկվա փակ գաղտնի քվեարկության արդյունքները՝ նա շեշտեց, թե նոր օմբուդսմենին ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության ներկայացուցիչներն են վստահության քվե տվել․ - «96 կողմ ձայները ևս մեկ անգամ շեշտելով՝ պետք է շեշտենք, որ դա ամբողջ քաղաքական դաշտի, ներկապնակի վստահության քվեն է: Այն ելույթները, այդ դրական գնահատականները, որ հնչեցին նույնիսկ շատ արմատական ընդդիմադիր գործիչների կողմից, նախ և առաջ պարտավորեցնող է պարոն Թաթոյանի համար, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար»:

Հյուրերին ճանապարհելով՝ Թաթոյանը չշփվեց դահլիճում հավաքված իր նոր աշխատակիցների հետ․ միանգամից խնդրեց անցնել աշխատանքի․ - «Անցնենք սովորական աշխատանքային ռեժիմին»:

Լրագրողներին նորընտիր օմբուդսմենը հավաստիացրեց, որ առայժմ աշխատելու է գործող աշխատակազմի հետ:

Օբմուդսմենի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ռոնա Ահարոնյանի փոխանցմամբ, Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ազատման դիմում է գրել միայն մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Նոր օմբուդսմենն այսօր էլ չհստակեցրեց, թե երբ է այցելելու կալանավայրում գտնվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ու «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին՝ ասելով, որ իրեն ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու քաղաքական հնչեղություն ստացած հարցերը․ - «Դա չի ենթադրում ինչ-որ սիրողական մակարդակի հայտարարությունները կարդալ․․․ դա պետք է խորությամբ նայել: Գործի նյութեր միգուցե կան և այլն․․․ դրա հիման վրա՞ գնահատականներ անել»:

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նոր պաշտպանին ժամանակ տալու կողմնակից է: Այդուհանդերձ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում Ալավերդյանն ասաց․ - «Այն, որ այս հայտնի գործերը հայտնի չեն պաշտպանին (արդեն իսկ մի քանի շաբաթ առաջ գիտեր, որ ինքը առաջադրվում է), դա շատ վատ տպավորություն է թողնում հասարակության վրա: Իրենից պահանջվելու է հիմա, այո, հենց առաջին օրվանից ինքը մտնի գործի մեջ: Չեն ասելու՝ հիմա ժամանակ տանք ծանոթանալու․․․ կարո՞ղ է ուրիշ տեղից եք եկել: Եթե դու մարդու իրավունքների պաշտպանության մեջ հայտնի ես, բարի եղիր անմիջապես սկսել»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նոր օմբուդսմենից մեծ ակնկալիք չունի: Փաստարկը հետևյալն է՝ նախորդները, ի տարբերություն Թաթոյանի, պետական պաշտոնյաներ չեն եղել․ - «Անձը, ով պաշտպանել է խոշտանգողի իրավունքը, այս պահի դրությամբ չի կարող լինել այս կողմում: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան բազմատիպ, բազմաշերտանի մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Եթե դու քաղաքացի ես, նաև իրավաբան ես, նաև դու գտնում ես, որ դու իրավապաշտպան ես, ապա իրավունք չունեիր լռելու: Մինչդեռ մենք չենք լսել իր խոսքը»:

XS
SM
MD
LG