Մատչելիության հղումներ

Կալանավորված ակտիվիստի կինը չի կարողանում տեսակցել ամուսնուն


«Երեկ եմ փորձել տեսակցել, բայց չեն թույլ տվել: Միայն հանձնուք եմ հանձնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին:

Արդեն հինգ օր ամուսնուն տեսակցել փորձող կնոջը քրեակատարողական հիմնարկից ասել են, որ ամուսինը կարանտինի մեջ է:

Քաղաքացիական ակտիվիստի կինը պնդում է, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի, և այսօր հավաքում էր ամուսնու հիվանդությունները փաստող բժշկական տեղեկանքներ՝ դատարանին ներկայացնելու համար․ - «Խնդիրներ ունի սրտի հետ կապված, ճնշման հետ կապված: Ունի նաև բազմաթիվ ուրիշ խնդիրներ՝ շաքարը բարձր է, եղել է մի անգամ էլ մենք շտապօգնություն ենք կանչել ամիսներ առաջ»:

Էլեկտրական սարքավորումների վաճառքով զբաղվող Գասպարիի գրասենյակն անցած շաբաթվանից փակ է, և եթե կալանքի որոշումը մնա անփոփոխ, ընտանիքը ծանր դրության մեջ կհայտնվի:

«Ես երեխայի հետ եմ զբաղվում ավելի շատ, քանի որ ինքը պրոբլեմ ունի», - նշեց Այվազին: - «Իրա լինելը տանը անհրաժեշտ ա, ինքն ա մեր ծախսը տալիս, ինքն ա ամեն ինչը հոգում»:

Ակտիվիստի կինը համոզված է, որ կալանավորման որոշումը քաղաքական է․ նա չի բացառում, որ իշխանությունները Վարդգես Գասպարիին պատժում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ ցուցաբերած ակտիվության, հայտնաբերած խախտումների համար․ - «Ինքը ամեն ապացույցներ կներկայացներ և հարցականի տակ կդներ ընտրությունները: Ես չեմ ասում մենակ ինքը: Ուղղակի իր փաստերը շատ խոսուն էին: Միգուցե դրա համա՞ր են իրեն այդքան ճնշում: ՀՀԿ-ն ուզում ա ճնշի, որ մյուս անգամ դրա մասին չխոսվի՝ ընտրությունների կեղծիքի մասին»:

Գասպարիին ազատ արձակելու համար պայքարում են նաև ակտիվիստները, որոնք երեկ նախագահական նստավայրի առջև անցկացրած բողոքի ակցիայից հետո այսօր նաև էլեկտրոնային ստորագրահավաք են սկսել:

«Գասպարին ամենակրեատիվ ակտիվիստներից մեկն է Հայաստանի: Միևնույն ժամանակ, միշտ մարդու իրավունքների տարբեր դաշտերում հանցագործությունների և խախտումների ժամանակ Գասպարին եղել է և կանգնել է ցանկացած քաղաքացու կողքին: Նրան անպայման պետք է սատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ստորագրահավաքը նախաձեռնած ակտիվիստներից մեկը:

Արձագանքելով երեկ խորհրդարանում, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների բողոքի, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Վարդգես Գասպարին առողջական խնդիրներ չունի՝ Անահիտ Այվազին ասաց․ - «Ամոթ եմ համարում: Նման արտահայտություններ անել՝ չիմանալով, ոչ մի բանի մասին տեղյակ չլինելով: Ինքը քաղաքական գործիչ է, չէ՞, դա էլ ամբիոնից է ասում․․․ Դա կարելի է համարել սուտ ցուցմունք»:

Գասպարիի փաստաբաններն այսօր կալանավորման որոշումը բողոքարկող հայց են ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, ակտիվիստը վարչական դատարանի դատավորներից մեկին «ստոր, անարժանապատիվ» ու «իշխանության գործակալ» է անվանել։

XS
SM
MD
LG