Պաշտոնական այցով այսօր Թեհրան է ժամանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և համագործակցության 11 համաձայնագրի ստորագրում։
Թեհրան մեկնելու նախօրեին Ալիևը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը: Պատասխանելով իր այցի նպատակների մասին հարցին, Ադրբեջանի նախագահն ասել է, թե քննարկելու է տարածաշրջանային հարցեր, երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչպես նաև ստորագրելու է մի շարք փաստաթղթեր, փոխանցում է ադրբեջանական Azertag պետական լրատվական գործակալությունը։
«Ուշադրության կենտրոնում անշուշտ «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի իրականացման հարցն է», - ընդգծել է Ալիևը՝ համոզմունք հայտնելով, որ իրանական և ադրբեջանական Աստարա քաղաքների միջև երկաթուղային ճանապարհային կառուցումը շոշափելի աշխուժություն կառաջացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի համար։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունից, կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, թե «Հայաստանը հրաժարվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք պահանջում են վերադարձնել օկուպացված տարածքները»։ «Ցավոք, միջազգային հանրությունը մինչ օրս Հայաստանի դեմ որևէ քայլ չի կիրառել», - հավելել է Իլհամ Ալիևը՝ դժգոհելով․ - «Աշխարհի երկակի ստանդարտների կիրառման քաղաքականությունը նկատելի է դարձել։ Ղարաբաղյան հակամարտությունում օկուպանտին և օկուպացիայի ենթարկվածին նույն կերպ են վերաբերվում։ Դա պայմանավորված է Ադրբեջանի նկատմամբ կրոնական խտրականությամբ»։
Ի պատասխան իրանցի լրագրողի հարցի, թե լուրեր են շրջանառվում, որ մահմեդականները, մասնավորապես՝ շիաները Ադրբեջանում իրենց գործունեությունն իրականացնելու հարցում սահմանափակումների են ենթարկվում, այդ մասի՞ն ինչ կարող է ասել, Ալիևը հայտարարել է. - «Նման պնդումները ընդամենը ասեկոսեներ են»։
Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Ադրբեջանում պատմականորեն երբեք կրոնական կամ ազգային հողի վրա խտրականություն չի եղել։ «Մինչ մի շարք երկրներում աճում են սունիների և շիաների միջև հակասությունները, այս տարվա հունվարին Բաքվում՝ Հեյդարի անվան մզկիթում շիաները և սունիները միասնական նամազ են իրականացրել», - ասել է Ալիևը՝ որևէ կերպ չանդրադառնալով Ադրբեջանում շիա մահմեդականության գլխավոր կենտրոններից մեկը համարվող Նարդարանում տեղի ունեցած դեպքերին։
Հիշեցնենք, անցյալ տարվա նոյեմբերի վերջերին ադրբեջանական այս ավանում ոստիկանների և հավատացյալների միջև արյունալի բախումների հետևանքով եղան զոհեր ու վիրավորներ, ձերբակալվեցին տասնյակ անձինք, որոնց թվում՝ հեղինակավոր մահմեդական գործիչ Թալե Բաղիրզադեն, ով մինչ օրս ճաղերի հետևում է։