Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է օմբուդսմենի թեկնածության քննարկումը


Քննարկումներից հետո փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը պետք է ընտրի Հայաստանի չորրորդ օմբուդսմենին:

Թեկնածուն մեկն է՝ իշխող Հանրապետականի առաջադրած Արդարադատության փոխնախարար, 34-ամյա Արման Թաթոյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թեկնածուին հարցրեց՝ արդյո՞ք օգտագործելու է քաղբանտարկյալ բառը: Ուղիղ պատասխան Թաթոյանը չտվեց՝ հիմնավորելով, թե պետք է ծանոթանա կոնկրետ դեպքերին:

Զուրաբյանը կոնկրետացրեց․ - «Գևորգ Սաֆարյանի և Վարդգես Գասպարիի ազատազրկման հիմքերը հիմնարար համարո՞ւմ եք»:

Թաթոյանն արձագանքեց․ - «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը ընդամենը մեկ ընթացակարգ է նախատեսում․ գնահատական տալու հնարավորություն՝ բացառապես հարցի՝ հատուկ ընթացակարգով քննարկման արդյունքում: Ընդ որում, հատուկ նշվում է, որ պաշտպանը պետք է հնարավորություն տա այն մարմնին, որի գործողությունները բողոքարկվում են, կամ որին խնդիրը վերագրվում է, ներկայացնելու պարզաբանումներ: Այլ եղանակ, քան այս ընթացակարգն է, չկա: Ես նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի կարգավիճակում, բնականաբար, առանց այդ ընթացակարգը անցնելու, չեմ կարող գնահատական տալ, որովհետև պետք է ծանոթանալ կոնկրետ գործի հանգամանքներին, կոնկրետ դեպքով տալ գնահատականներ: Ընտրվելու դեպքում, բնականաբար, պատրաստ եմ քննարկել հատուկ ընթացակարգով»:

Լևոն Զուրաբյանի կարծիքով, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցչի տեղակալն ընտրվում է օմբուդսմեն, առաջանում է շահերի բախման վտանգ․ - «Շահերի բախման խնդիրը շատ պարզ է: Պաշտպանել եք կառավարության շահը նույն մարդկանց հետ վեճում, այսօր պաշտպանելու եք այդ մարդկանց շահը․․․ Դուք արել եք գործողություններ, որոնք հակասելու են Ձեր նոր ամպլուայում գործողություններին»:

«Շահերի բախման որևէ խնդիր չկա», - հակադարձեց Արման Թաթոյանը՝ շարունակելով․ - «Ես ինքս այնքան շատ եմ զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, որ, կարծում եմ, իհարկե, այդ պահին օրենքով առաջադրված խնդիրները հստակ գիտակցելով, պետք է միանշանակ քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Նախընտրական ելույթում թեկնածուն ներկայացրեց օմբուդսմենի մասին իր պատկերացումը․ - «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը, լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից, կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը: Կասկածից վեր է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես պետական պաշտոնատար անձ, պետք է պահպանի բացարձակ անաչառություն և իր գործառույթներն իրականցնի արդարության ու հավասարության պայմաններում»:

Իրավունքների ու ազատությունների խախտումներ օմբուդսմենի թեկնածուն տեսնում է: Երեք օրինակ բերեց․ - «Համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը՝ դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու և այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով: Ներդրված չէ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ անհատական և ռիսկային գնահատման մոտեցումը: Մտահոգիչ է այն, որ, օրինակ, փակ հաստատություններում պահվող անձինք, հակառակ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից․ օրինակ, լսվելու իրավունքը մինչև տույժի կիրառումը, իրավաբանական օգնությունը ստանալը և այլն: Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների հնարավորությունը ստանալու անվճար իրավաբանական օգնություն՝ չնայած միջազգային չափանիշներին»:

Օմբուդսմեն ընտրվելու համար Թաթոյանի անհրաժեշտ կլինի առնվազն 79 պատգամավորի ձայն: 70 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցությունից բացի, նրա թեկնածությունը պաշտպանելու մասին դեռևս հայտարարել է միայն 5 անդամ ունեցող ՀՅԴ խմբակցությունը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանի խոսքով, չի մասնակցելու քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG