Ռուսաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակիչների 1 տոկոսը նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է ականավոր զորավար:
Հարցվածների 10 տոկոսը ականավոր զորավար է համարել պաշտպանության ներկայիս նախարար Սերգեյ Շոյգուին, 9 տոկոսը՝ Ստալինին:
Որպես ականավոր զորավարներ, Պուտինի չափ՝ 1 տոկոս ձայն են ստացել մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Պետրոս առաջին կայսրը, նաև հրամանատարներ խորհրդային Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից, ընդ որում՝ ինչպես սպիտակգվարդիականների հրամանատարներից, օրինակ՝ Կոլչակը, այնպես էլ կարմիրների հրամանատարներից՝ Չապաև, Կոտովսկի:
Հարցն այսպես էր ձևակերպված՝ «Հայրենի ամենաականավոր ի՞նչ զորավարների անուններ կարող եք տալ», և հարցվածները հիշել են վերջին երկու-երեք դարերի ընթացքում կռված զորավարներին:
«Լևադա» կենտրոնը հրապարակել է երեք տասնյակից ավելի անուններ, որոնք 1 տոկոս և ավելի ձայներ են ստացել:
Առաջին երեք տեղերում տարբեր ժամանակներում ռուսական բանակի առաջնորդներն են, հրամանատարները: Առաջին տեղում 55 տոկոսով Ժուկովն է՝ Երկրորդ աշխարհամարտի մարշալը, երկրորդում՝ Կուտուզովը՝ Նապոլեոնի դեմ ռուսական Առաջին հայրենականի հրամանատարը, և երրորդը՝ Սուվորովը՝ 18-րդ դարի ռուս հայտնի զորավարը: Նրանցից հետո ամենաշատ ձայները ստացել է «Դժվարանում եմ ասել» պատասխանը՝ 22 տոկոսը չունի պատասխան, թե իր կարծիքով՝ ով է ամենաականավոր ռուս զորավարը:
«Լևադա» կենտրոնը հարցումը անցկացրել է հունվարի վերջերին երկրի 48 շրջանների 137 բնակավայրերում, ընդ որում՝ հարցումն անցկացվել է անհատական հարցազրույցների միջոցով, «Լևադա»-ի սոցիոլոգները այցելել են քաղաքացիների տները: Բայց թե այս հարցումը ում պատվերով է անցկացվել, ինչ նպատակով, ինչու են հիշել զորավարներին և հրամանատարներին՝ նշված չէ: