Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ «Ահաբեկչության հեղինակը Սիրիայի քաղաքացի է»


Անկարա, Թուրքիա, 17-ը փետրվարի, 2016թ․
Անկարա, Թուրքիա, 17-ը փետրվարի, 2016թ․

Վերջին կես տարում սա արդեն երկրորդ ահաբեկչությունն է Թուրքիայի մայրաքաղաքում: Անցած տարվա հոկտեմբերին Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունը 103 մարդու կյանք էր խլել:

Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքը ցնցվեց հերթական ահաբեկչությունից: Հենց Անկարայի սրտում, որտեղ տեղակայված են խորհրդարանը, զինված ուժերի գլխավոր շտաբը, պետական այլ կառույցներ, պայթել է ականապատ մեքենա` զինվորականներ տեղափոխող ավտոբուսների ճանապարհին:

Ուժգին պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել` 20 զինվորական և 8 քաղաքացիական անձ, ավելի քան 60-ը վիրավորվել են: Պայթյունից հետո նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվել:

«Այն ուժերը, որոնք ահաբեկչական կազմակերպություններին օգտագործում են մեր դեմ, չարաչար սխալվում են, կարծելով, թե կարող են մեզ շեղել զարգացման ճանապարհից»,- հայտարարել է Էրդողանը` ընդգծելով, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի մեծ փորձ ունի և կհաղթահարի նաև այս հարձակումը:

Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն էլ հայտարարել է, որ ահաբեկչություն իրականացնողը Սիրիայի քաղաքացի է, ով որպես փախստական Թուրքիա է մտել անցյալ տարվա հուլիսին: Վարչապետը հաստատել է, որ ահաբեկիչը անդամակցում է Սիրիայում կառավարական ուժերի հետ համագործակցող «Քրդական ժողովրդական միություն» կուսակցության ռազմական թևը համարվող՝ «Ժողովրդի պաշտպանության միավորումներ» կազմակերպությանը (YPG): Արյունալի միջադեպից հետո երկրի 7 նահանգներում իրականացված գործողությունների արդյունքում արդեն 14 մարդ է ձերբակալվել: Բացի այդ, թուրքական օդուժը գիշերը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում տեղակայված քուրդ զինյալների դիրքերը:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

«Մենք, մեր 78 միլիոնանոց ժողովրդի հետ միասին, դեմ ենք բռնությանն ու ահաբեկչությանը: Այս հարձակումը ուղղված է մեր ազգի, մեր ժողովրդավարության դեմ: Նրանք միանշանակ չեն հասնելու իրենց նպատակին»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Վերջին օրերին Անկարայում գտնվող Պոլսո «Ժամանակ» օրաթերթի թղթակից Սաքո Արյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի մայրաքաղաքում մթնոլորտը լարված է: Թուրքական իշխանությունները տեղի ունեցած ահաբեկչությունը կապում են Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ:

Նախօրեին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների առաջնորդները, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Միջազգային հանրությունը ցավակցություն ու աջակցություն է հայտնել Թուրքիային:

Վերջին կես տարում սա արդեն երկրորդ ահաբեկչությունն է Թուրքիայի մայրաքաղաքում: Անցած տարվա հոկտեմբերին Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունը 103 մարդու կյանք էր խլել: Թուրքական «Զաման»-ի ներկայացրած վիճակագրության համաձայն, վերջին 5 տարում Թուրքիայում 15 արյունալի ահաբեկչություն է գրանցվել, որոնց հետևանքով 266 մարդ է զոհվել, 765-ը` վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG