Լեհաստանի «Ազգային հիշողություն» ինստիտուտի տնօրենը այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե նոր փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս, որ նախկին նախագահ Լեխ Վալենսան կոմունիստական գաղտնի ծառայությունների գործակալ է եղել, գաղտնանունը՝ «Բոլեկ»:
Ինստիտուտի տնօրեն Լուկաշ Կամինսկին հայտարարել է, որ Վալենսան փաստաթուղթ է ստորագրել՝ պարտավորվելով ինֆորմացիա տրամադրել գաղտնի ծառայություններին: Բացի այդ, հայտնաբերվել են նրա կողմից փոխանցված նյութեր ու նաև զեկույցներ, որոնք նրա հետ կայացած հանդիպումներից հետո կազմել են անվտանգության ծառայության աշխատակիցները:
Ըստ ինստիտուտի տնօրենի՝ հայտնաբերված փաստաթղթերի մեջ նաև անդորրագրեր կան, որ Վալենսան ստորագրել է գումար ստանալու համար:
Կամինսկին ասել է, որ փաստաթղթերը հայտնաբերվել են այս շաբաթ, Լեհաստանի կոմունիստ վերջին ներքին գործերի նախարար Չեսլավ Կիշչակի տանը: Մահացած գեներալը Լեհաստանի ներքին գործերի նախարար է եղել 1981-1990 թվականներին, փաստաթղթերը առգրավել են նրա այրուց:
Լեխ Վալենսան, ով այս պահին գտնվում է արտասահմանում, հերքել է մեղադրանքները: Սոցցանցում նա վստահեցրել է, որ իր կողմից գրված որևէ փաստաթուղթ չի կարող լինել:
Հակակոմունիստական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդ, 72-ամյա Լեխ Վալենսայի դեմ առաջին անգամ չէ նման մեղադրանք հնչում: 2000-ին դատարանը հանել էր Վալենսայի դեմ նախկին մեղադրանքները, գտնելով, որ գաղտնի ծառայությունների հետ Վալենսայի համագործակցության որևէ ապացույցներ չկան: 2008-ին «Ազգային հիշողություն» ինստիտուտի երկու աշխատակիցներ սկանդալային գիրք հրատարակեցին՝ փորձելով ապացուցել, որ Լեխ Վալենսան դեռ 1970 թվականներին հավաքագրվել էր գաղտնի ծառայությունների կողմից և վեց տարի համագործակցել նրանց հետ «Բոլեկ» ծածկանունով:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան 1980 թվականներին գլխավորում էր Լեհաստանի «Սոլիդարնոստ» շարժումը ընդդեմ կոմունիստական ռեժիմի: 1983 թվականներին նրան շնորհվել է Նոբելյան Խաղաղության մրցանակ: Լեխ Վալենսան Լեհաստանի նախագահն էր 1990-1995 թվականներին: