Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայել: Այդ մասին հաղորդում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական Sondakika լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի՝ զորքը տեղակայվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակում։ Սահմանի վտանգավոր հատվածներում տեղակայվել են Fırtına տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ:
Աղբյուրը նշում է, որ գլխավոր շտաբի կողմից պլանավորվել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել հումանիտար անվտանգության գոտի: Հաշվի է առնվել նաև խաղաղ բնակչության գտնվելու վայրերում Սիրիայի քրդերի ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) և ռուսական զորքերի հետ թուրքական բանակի ստորաբաժանումների հնարավոր բախման սցենարը: Այդ պարագայում օրակարգ է բերվելու «թռիչքների համար արգելված գոտի» հայտարարելը, ինչին, ըստ թուրքական կողմի, աջակցում է Գերմանիան:
Նշվում է, թե Սիրիայի Ազազ շրջանից ու Հալեպից դեպի Թուրքիայի սահման փախստականների զանգվածային հոսքի դեպքում թուրքական ստորաբաժանումները կանցնեն սահմանը ու կտեղակայվեն սահմանի հակառակ կողմում` ստանձնելով վահանի դեր:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ սահմանին տեղակայված ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և սպասում են Անկարայի հրահանգներին: