Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ռուսներին մեղադրում է «պատերազմի հանցագործության» մեջ


Սիրիայում ռմբահարվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, Իդլիբի շրջան, 15 փետրվարի, 2016թ.
Սիրիայում ռմբահարվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, Իդլիբի շրջան, 15 փետրվարի, 2016թ.

Մոսկվան չի ընդունում մեղադրանքը։

«Միջազգային իրավունքի աղաղակող խախտում​»

Սիրիայում խաղաղություն հաստատելու միջազգային համայնքի փորձերն առայժմ ձախողվում են։ ՆԱՏՕ-ի երկրները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել են հիվանդանոցների և դպրոցների երեկվա ռմբահարումները, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ Ֆրանսիան և Թուրքիան այդ օդային գրոհները որակել են որպես «պատերազմի հանցագործություն»։

ՄԱԿ-ը հաղորդել է, որ Հալեպի և Իդլիբի շրջաններում երեկ ռմբահարվել է առնվազն հինգ հիվանդանոց և երկու դպրոց, սպանվել է մոտ 50 մարդ, այդ թվում երեխաներ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեկվա գրոհներն անվանել է «միջազգային իրավունքի աղաղակող խախտում, որը խոչընդոտում է Սիրիայում 5 տարի տևող պատերազմին վերջ տալու ջանքերը»։

Ռմբահարված հիվանդանոցներից մեկն աշխատել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական բարեգործական կազմակերպության հովանու ներքո։

Ռուսաստանի անկեղծությունը` հարցականի տակ

Միացյալ Նահանգները, ռմբահարումների համար ուղղակիորեն չմեղադրելով ռուսներին, հայտարարել է, թե «օդային գործողությունները կասկածի տակ են դնում Ասադի վարչակարգի վայրագություններին վերջ տալու հարցում Ռուսաստանի հայտնած ցանկության անկեղծությունը»։

Ռուսներն անցած տարվա սեպտեմբերի 30-ից են սկսել օդային գրոհները Սիրիայում։ Մոսկվան պնդում է, որ թիրախն «Իսլամական պետությունն» է, ահաբեկչական այլ կազմակերպություններ։

Սակայն Արևմուտքի համոզմամբ, ռուսները նախևառաջ հարվածներ են հասցնում «չափավոր ընդդիմությանը», որը պայքարում է նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ։

Փետրվարի 12-ին Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որի անդամներից է նաև Ռուսաստանը, կնքել է հրադադարի հաստատման համաձայնագիր, որը պետք է ուժի մեջ մտնի այս շաբաթավերջին։

Փաստաթղթում հստակ կա պահանջ` ամեն ինչ անել խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար։ Երեկվա միջադեպը կասկածի տակ է առնում հրադադարի հնարավորությունը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն փետրվարի 15-ի օդային գրոհներն անվանել է «հիվանդանոցի միտումնավոր ռմբահարում, ինչը հավասարազոր է պատերազմի հանցագործության»։ Թուրքիան ուղղակիորեն հայտարարել է, որ հենց ռուսներն են իրականացրել օդային գրոհները։

«Հիվանդանոցը ռմբահարել են սիրիացիները կամ ռուսները»

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը և Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կազմակերպությունը պնդում են, որ ռմբահարումները կատարել են Սիրիայի կամ Ռուսաստանի ինքնաթիռները։

«Ակնհայտ է, որ հիվանդանոցները ռմբահարել է սիրիական դաշինքը, կամ Սիրիայի կառավարական բանակը, կամ ռուսները, ավաղ, սա առաջին դեպքը չէ, հունվարի սկզբից երեք շրջաններում` Իդլիբում, Հալեպում և Դերաայում ռմբահարվել է իմ կազմակերպությանը պատկանող 5 կառույց», - ասել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ֆրանսիական բաժնի ղեկավար դոկտոր Մեգո Թերզյանը։

Ռուսաստանն ապացույցներ է պահանջում

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքը։

«Մենք չենք ընդունում այդ կարգի հայտարարությունները, մանավանդ, որ նման մեղադրանք առաջադրողները ոչ մի անգամ ոչ մի կերպ չեն կարողացել որևէ ապացույց ներկայացնել», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սիրիայում հրադադարի խնդրին է անդրադարձել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Ե՞րբ է Արևմուտքը խոսում հրադադարի մասին: Կարծում եմ, պատասխանը պարզ է` միայն այն ժամանակ, երբ զինված խմբավորումները հուժկու հարվածներ են ստանում և սկսում են պարտություններ կրել», - ասել է Ասադը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG