Մատչելիության հղումներ

Կախա Կալաձեն Թեհրանում կքննարկի Իրանից բնական գազ մատակարարելու հնարավորությունը


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան:

Մեկնելուց առաջ Կալաձեն լրագրողներին ասել է, թե հանդիպելու է Իրանի էներգետիկայի նախարարի, արտգործնախարարի, ինչպես նաև Իրանի փոխնախագահի հետ:

«Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ նա ասել է, որ քննարկվելու են Իրանից բնական գազ ստանալու հարցերը, որը, նրա խոսքերով, կարելի է իրականացնել երկու ճանապարհով՝ կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի տարածքով:

«Հետաքրքիր է նաև գազի գինը, որովհետև մրցունակության առումով այն ավելի թանկ է, քան Վրաստանում այսօր գործող գները»,- նշել է նա:

Civil.ge կայքը մեջբերում է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրությունը, որտեղ Կալաձեի այցի մասին նշված է.- «Վրացական և իրանական կողմերը այս փուլում ուսումնասիրում են Իրանից բնական գազ Վրաստան մատակարարելու հնարավորությունը: Քննարկվելու են նաև էներգետիկ ոլորտում կարևոր ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»:

Օրերս Վրաստանում Իրանի դեսպանը, անդրադառնալով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հարցին, ավելի հավանական էր համարել Իրանի, Վրաստանի, ռուսական «Գազպրոմ»-ի և Հայաստանի միջև փոխանակում կատարելը՝ միաժամանակ նշելով նաև Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով անցկացնելու հնարավորությունը:

Իսկ փետրվարի 10-ին Թբիլիսիում անցկացված Վրաստանի էներգետիկ քաղաքականության վերաբերյալ հասարակական քննարկումներում էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին ասել է, որ այս փուլում իրանական գազը Վրաստանին ձեռնտու չէ, քանի որ այն 25 տոկոսով թանկ է Վրաստանում սպառվող գազի գնից: Բայց նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններում պետք է առաջին դիրքերում լինել, որովհետև Իրանին հետաքրքրում է տարածաշրջանը, իսկ Վրաստանին՝ Իրանում առկա ռեսուրսները:

Վերջին շրջանում Իրանի և Վրաստանի միջև ակտիվ շփումներ են տեղի ունենում: Անցած ուրբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Մյունխենի Անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև:

Փետրվարի 15-ից երկու երկրները իրենց քաղաքացիների համար վերականգնում են այցելությունների ազատ ռեժիմը: Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են Իրան մեկնել, Իրանի քաղաքացիները՝ Վրաստան այցելել ու մնալ 45 օր:

«Գրուզիա օնլայն» կայքը հաղորդում է, որ հենց այսօր Իրանից հյուրեր են ժամանել Վրաստան, այդ թվում՝ Իրանի տպագիր ու էլեկտրոնային մամուլի աշխատակիցներ:

XS
SM
MD
LG