Մատչելիության հղումներ

Շահնազարյան. Քլափերի զեկույցը համահունչ է Վաշինգտոնի վարած քաղաքականությանը


ԱԱԾ-ի նախկին պետը` ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրենի վերջին զեկույցի մասին:

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ կամ դադարեցնել իր վերահսկողությունը տարածքների նկատմամբ։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի վերջին զեկույցին:

Ջեյմս Քլափերը, հիշեցնենք, իր ամենամյա զեկույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2015 թվականին մնացել է բարձր: «Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը», - արձանագրել է Քլափերը:

Շահնազարյանի խոսքով, միայն առաջին նախադասությունում ընդգծվում է արդեն Ադրբեջանի նկրտումների մասին Լեռնային Ղարաբաղի հանդեպ։ «Առաջինն, այս մի նախադասության մեջ՝ առանձնացվում է Լեռնային Ղարաբաղը «տարածքներից»։ Ընդգծվում է արդեն Ադրբեջանի, այսպես ասած, նկրտումների մասին Լեռնային Ղարաբաղի հանդեպ, և ասվում է, որ այս պատճառով բանակցություններում առաջընթաց հավանաբար գրանցվել չեն կարող», - ասաց Հայաստանի ԱԱԾ-ի նախկին պետը՝ նշելով, որ Քլափերի այս զեկույցը տարբերվում է նրա նախորդ զեկույցներից։

«Օրինակ, ես հիշում եմ 2013 թվականի զեկույցը, որ նույն Քլափերը երեք տարի առաջ, կարծեմ արդեն մարտ ամսին էր, այնտեղ ասվել էր, որ «սպառնալիք է համարվում տարածաշրջանի անվտանգության այն փաստը, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը և այլ տարածքներ»։ Ես լավ հիշում եմ, որ գրեթե բառացիորեն ասում է։ Այս փոփոխությունը, որ կա, այս առաջընթացը, էապես խոսում է Միցյալ Նահանգների դիրքորոշման էական փոփոխության հետ, ինչը ամբողջովին, ամբողջապես համահունչ է [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] Միացյալ Նահանգների համանախագահ դեսպան Ուորլիքի ակտիվություններին, նրա հայտարարություններին, Սպիտակ տան հայտարարություններին», - ասաց Շահնազարյանը։

ԱԱԾ նախկին պետը պատահական չի համարում, որ այս զեկույցի մասին ադրբեջանական մամուլը լռում է, մինչդեռ նախորդ զեկույցները, ըստ Շահնազարյանի, բավականաչափ լայն մեկնաբանվում էին։

«Գիտեք, եթե ուշադրություն դարձնեք, այս կարճ արտահայտությունները, երկու նախադասությունները, շատ ճշգրիտ հաշվարկած են, բարձր պրոֆեսիոնալների կողմից պատրաստված։ Ես ասեցի, որ այս զեկույցի ամեն տառը, ամեն ստորակետը շատ հստակ հղկվում են ամերիկյան 16 հատուկ ծառայությունների կողմից, այնպես որ, սա, իհարկե, ֆորմալ առումով Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշում չէ, բայց իրականում ամբողջովին համահունչ է Վաշինգտոնի այն քաղաքականությանը, որը վերջին տարիներին վարվում է Պետդեպարտամենտի կողմից, մյուս գերատեսչությունների կողմից և, ինչպես ես նշեցի, անձամբ Միացյալ Նահանգների համանախագահող, դեսպան Ջեյմս Ուորլիքի կողմից», - ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 14-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG