Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն գերմանացի գործընկերոջը հյուրընկալել է Անկարայի վարչապետական Չանքայա պալատում: Պաշտոնական արարողությունից հետո Դավութօղլուն և Մերկելը այցելել են Աթաթուրքի դամբարան:
Երկկողմ բանակցությունների գլխավոր թեման դարձել է սիրիացի փախստականների խնդիրը:
«Մենք պատրաստ ենք ընդունել սիրիական պատերազմից փախած շուրջ 30 հազար մարդկանց, որոնք այսօր սահմանի մոտ են: Սակայն, ոչ ոք թող չսպասի, որ Թուրքիան միայնակ է լուծելու փախստականների խնդիրը: Սա Եվրոպայի և աշխարհի խնդիրն է», - առանձնազրույցին հետևած մամուլի ասուլիսում հայտարարել է Դավութօղլուն, նշելով Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց են տալիս, որ փորձ է արվում փախստականների հարցի միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի և Եվրոպայի վրա:
Գերմանիայի կանցլերը իր հերթին հայտարարել է, որ փախստականների հարցում Թուրքիան միայնակ չէ, և խնդիրը միասնական լուծում է պահանջում: Այդ նպատակին էր ուղղված Լոնդոնի համաժողովը: Մերկելը նշել է, որ Եվրամիությունը և Թուրքիան գործողությունների ծրագիր են մշակել, որի համաձայն յուրաքանչյուր երկիրն իր պարտավորություններն է ունենալու:
Նա հայտարարել է, որ ցնցված է Հալեպում խաղաղ բնակչության կրած տառապանքներից, որոնց պատճառը նաև Ռուսաստանի ռմբակոծումն է: Մերկելը նշել է, որ Եվրոպան հնարավորության սահմաններում Թուրքիայից փախստականներ կընդունի, սակայն անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել նրանց անօրինական ներգաղթը կանխելու համար:
Նախօրեին Անգելա Մերկելը Ստրասբուրգում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և քննարկել միգրացիոն ճգնաժամն ու այն հաղթահարելու ուղիները: Կողմերը համաձայնության էին եկել Թուրքիային ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում՝ կանխելու սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա:
Այս առնչությամբ Դավութօղլուն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ տեղեկացնելու է Բրյուսելին նախնական ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել Եվրամիության խոստացած 3 միլիարդ եվրոն ստանալուց հետո:
Պաշտոնական տվյալների համաձայն, 2015 թվականի վերջին Թուրքիայում ապաստանել է ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստական։ Վերջիններիս կացությունն ապահովելու համար Անկարան պետական բյուջեից շուրջ 8 միլիարդ դոլար է ծախսել։