Մատչելիության հղումներ

Պետդումայի պատգամավորները կոչ են անում չեղյալ համարել 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագիրը


Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, արխիվ:
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, արխիվ:

Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորները նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը՝ Արարատ լեռով:

Ըստ «Իզվեստիա»-ի, նախաձեռնության հեղինակները կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովն են:

Նշելով, որ Ռուսաստանի նկատմամբ Թուրքիան «հետևողական ագրեսիվ պահվածք» է դրսևորում՝ նրանք գրում են․ - «Նպատակահարմար ենք համարում ստեղծված իրավիճակում իրավաբանորեն մշակել մեզ և մեր դաշնակիցների համար ոչ ձեռնտու համաձայնագրերի չեղարկումը: Թուրքիան պետք է հասկանա, թե ինչ հետևանք կունենա իրավիճակի հետագա սրումը»:

«Միայն այս քայլը կկանգնեցնի թուրքերին նոր սադրանքներից», - «Իզվեստիա»-ին ասել է Օբուխովը:

Նախաձեռնությանն աջակցում են նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները: Նրանցից Օլեգ Պոխոլկովի խոսքով՝ պայմանագրում թուրքերը մի շարք ծանր պայմաններ են առաջադրել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը ստեղծելու մասին կետը: «Թուրքերին պետք է դաս տալ», - «Իզվեստիա»-ին ասել է նա՝ հավելելով․ - «Արդյո՞ք իրավական ուժ կունենա այս նախաձեռնությունը՝ ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումը, հայտնի չէ, սակայն տարածքային հարցերի բարձրացումը ճիշտ է»:

Կրեմլի լիակատար ազդեցության տակ գտնվող թերթի՝ այսօր հրապարակած հոդվածում պատգամավորները հիշեցնում են, որ Թուրքիայի նախագահը մինչև օրս ներողություն չի խնդրել ՍՈւ-24-ի միջադեպի համար:

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, այսօր առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Ստուգումների շրջանակում այսօր վաղ առավոտյան ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը:

ԱՊՀ ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Մոսկվան այս քայլերին դիմում է Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով:

«Չեմ կարծում, որ Մոսկվան պատրաստ է իսկապես չեղարկել ռուս-թուրքական պայմանագրերը, քանի որ դա կարող է բերել լուրջ հետևանքների՝ ընդհուպ մինչև ռազմական կոնֆլիկտի: Թուրքիայի տարածքում Ռուսաստանը չի պատերազմի», - ասաց Եվսեևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG