Մատչելիության հղումներ

Երևանում մեծ թվով վերելակներ տեխնիկական ստուգում չեն անցել


Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վերահսկողություն չի իրականացնում՝ պատասխանատվությունը թողնելով բնակչի վրա:

Շենգավիթցի Հովհաննես Դիշլանյանը ստիպված է շաբաթը մի քանի անգամ բարձրանալ ձեղնահարկ՝ հասկանալու, թե հիմա՞ ինչն էր վերելակի խափանման պատճառը: Արդեն սովորել են՝ ամեն շաբաթ հարևաններով օգնության հասնել վերելակում մնացած մարդուն:

Խորհրդային տարիներին տեղադրված վերելակը փոխարինելու հնարավորություն 9 հարկանի շենքի բնակիչները չունեն․ հավաքված գումարը լավագույն դեպքում բավարարում է այս կամ այն մասը փոխելուն:

Թե որքանո՞վ է վերելակը անվտանգ՝ շենքում ոչ ոք չգիտի: Շենգավիթում, ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, վերելակների մոտ կեսն է միայն ստուգվել, դրանցից 7-ը՝ բացասական եզրակացություն է ստացել:

«Էս էլ երևի չի անցնի [ստուգումը], որ գան: Որովհետև նայում ես սրա կոնտակտներին՝ ոչ մի բանը նորմալ չէ, աշխատելու ունակություն չունի: Էնքան ա՝ յոլա ենք գնում», - ասում է Հովհաննես Դիշլանյանը:

Շենքի բնակիչներն ասում են՝ վախենում են վերելակից օգտվել:

«Ազատությանը» հինգ օր շարունակ չհաջողվեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից ստանալ չստուգված և բացասական եզրակացություն ստացած վերելակների ցանկը: Կենտրոնը վերահսկողություն չի իրականացնում՝ պատասխանատվությունը թողնելով բնակչի վրա:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերելակների մոտ 26 տոկոսն է տեխնիկական փորձաքննություն անցել: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակիչները, թեպետ լսել էին, որ վերելակներից մեկը բացասական եզրակացություն է ստացել, այդուհանդերձ, ահը սրտում, շարունակում էին օգտվել: Հիմնականում ծերերն ու կանայք ասում էին՝ ի վիճակի չեն ամեն օր ծանր տոպրակներով ոտքով 9 հարկ բարձրանալ:

Աջափնյակում վերելակների մոտ 50 տոկոսը տեխնիկական փորձաքննություն չի անցել: Անցած տարի հենց այս համայնքում վերելակի անսարքության հետևանքով երիտասարդ կին էր զոհվել, հարուցվել էր քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել էլեկտրամեխանիկին և «Աջափնյակ-վերելակ» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանին, ով, ի դեպ, դեռ շարունակում է սպասարկել նույն համայնքի վերելակները:

Ամենամեծ թվով բացասական եզրակացություն ստացած վերելակներ կան Դավիթաշեն համայնքում: Թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը, սակայն, պնդում է՝ միշտ չէ, որ անսարքությունն է դրա պատճառը․ - «Քաղաքացիների կողմից վերելակի տեխնիկական սպասարկման սրահը՝ տանիքում, ծանրաբեռնված է եղել գույքով: Դա պատճառ է, որպեսզի ստանա բացասական եզրակացություն: Այն վերացվել է, բայց օրենքով սահմանված կարգով պետք է կրկնակի փորձաքննություն անցնի, որը ընթացքի մեջ է հենց հիմա»:

Թաղապետը շեշտում է՝ վերելակները ոչ թե քաղաքային իշխանությունների, այլ բնակիչների սեփականությունն են, ուստի հենց նրանք պետք է մտածեն դրանց անխափան աշխատանքի մասին: Իսկ քաղաքապետարանի, թաղապետարանի ֆինանսական աջակցությունը զուտ բարի կամքի դրսևորում է:

Երևանի քաղաքապետարանը ամեն տարի 100 միլիոն դրամ է հատկացնում վերելակների նորոգման համար: Քաղաքապետարանը դեռ չի պատասխանել մեր հարցմանը, թե արդյո՞ք նպատակային են ծախսվում միլիոնավոր այս դրամները:

Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը, ով, ի դեպ, ևս վերելակի հորում հայտնվելու դաժան փորձ ունի, պնդում է․ - «Եթե քաղաքային իշխանությունները գոնե այսօրվանից վերելակային տնտեսության բարելավման համար կոնկրետ քայլեր չձեռնարկեն, ձնագնդիկի նման խնդիրը տարեցտարի կմեծանա, հետևանքներն էլ անդառնալի կլինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG