Մատչելիության հղումներ

Անկարան երկխոսության հերթական կոչն է անում Մոսկվային


Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանշու Բիլգիչի փոխանցմամբ՝ Թուրքիան հերթական անգամ երկխոսության կոչով դիմել է Ռուսաստանին:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան ինքնաթիռի խոցման միջադեպից հետո, Բիլգիչի ձևակերպմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային «սևացնելու և հրահրելու արշավ է սկսել», այդուհանդերձ Թուրքիան պատրաստ է բանակցել՝ թուլացնելու երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը:

Բիլգիչն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիայի անդամակցությամբ միջազգային կոալիցիայի բոլոր գործողությունների պատասխանատուն պաշտոնական Վաշինգտոնն է՝ ընդգծելով, թե Լավրովի հայտարարությունն «ուղղված են խնդրի էության խեղաթյուրմանը»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի պնդմամբ՝ խնդիրը որևէ կերպ չի առնչվում Սիրիայում միջազգային կոալիցիայի օդային գործողություններին, հարցի էությունը ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքայի օդային սահմանի խախտումն է․ - «Նոյեմբերի 24-ի միջադեպից ի վեր Ռուսաստանը հակասական մոտեցում է ցուցաբերում՝ հերքելով ողջ աշխարհի փաստերը»:

Բիլգիչը հավելել է, թե Ռուսաստանը նույն մարտավարությանն է դիմել հունվարի 29-ին Թուրքիայի օդային սահմանի հերթական խախտումից հետո՝ նաև «անհիմն» որակելով Լավրովի պնդումները, թե Թուրքիան ունեցած տեղեկատվությունը չի տրամադրում Ռուսաստանին:

Օդային սահմանի խախտումից հետո, նրա փոխանցմամբ, Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն և ստացել համապատասխան զգուշացում: Իսկ խախտմանը հետևած պատասխան գործողությունները, ըստ խոսնակի, իրականացվում են միջազգային իրավունքի նորմերի շրջանակում:

«Նման խախտումների կրկնության դեպքում հնարավոր գործողությունների ողջ պատասխանատվությունը ռուսաստանյան կողմն է կրելու: Անկարայում Ռուսաստանի դեսպանը զգուշացում է ստացել», - հայտարարել է Բիլգիչը՝ նշելով նաև, որ Ռուսաստանը Թուրքիայի օդային տարածքում դիտորդական թռիչքներ կարող է իրականացնել միայն նախապես թռիչքների ուղղությունները համաձայնեցնելու պարագայում:

Հունվարի 29-ին, հիշեցնենք, պաշտոնական Անկարան հայտարարություն էր տարածել, որ ռուսաստանյան ՍՈւ- 34 ռազմական օդանավը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Ռուսաստանը, սակայն, հերքել էր դա:

Դրանից հետո Թուրքիայի նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, ինչը հաստատել էր Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ չնշելով, սակայն, պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG