Մատչելիության հղումներ

Նաիրիտցիներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին


Նաիրիտցիների ցույցը կառավարության շենքի մոտ, 4-ը փետրվարի, 2016թ.
Նաիրիտցիների ցույցը կառավարության շենքի մոտ, 4-ը փետրվարի, 2016թ.

Նրանք չեն կորցնում գործարանի վերագործարկման հույսը։

Նաիրիտցիները դեռ չեն կորցնում գործարանի վերագործարկման հույսը։ Այսօր նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ։

Ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի ընտանիքի չորս անդամները «Նաիրիտ»-ում են աշխատել ու հիմա անգործ են։ «Արդեն մեկ տարի է ինչ ազատված ենք աշխատանքից, ու միայն ամուսինս է կարողացել աշխատանք գտնել։ Մեր էստեղ լինելը պայմանավորված է կառավարության վատ աշխատանքով։ Ամեն հինգշաբթի գալու ենք, որպեսզի հիշեցնենք իրենց տված խոստումների մասին», - ասաց Շահվերդյանը։

Աշխատակիցներից Շահեն Պետրոսյանն էլ «Ազատության» հետ զրույցում «Նաիրիտ»-ի փակումը դավաճանություն որակեց. - «45 տարի արտադրությունում սմենի պետ եմ աշխատել, վարպետ եմ աշխատել։ Հիմա միայն թոշակի հույսին եմ։ «Նաիրիտ»-ի փակումը դավաճանություն է մեր հանդեպ։ Կոլեկտիվը պատրաստ սպասում է, թե երբ է գործարան վերադառնալու»։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, երեկ Ազգային ժողովում խոսելով «Նաիրիտ»-ի խնդրի մասին, նշել էր, որ ԱՊՀ միջպետական բանկում գրավադրված գույքն ու բաժնետոմսերը փոխանցվել են Հայաստանի կառավարությանը։ «Հիմա կատարվում են ձևակերպման փաստաթղթային աշխատանքներ, որը մենք նախատեսում ենք ավարտին հասցնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Գույքի հետ կապված բոլոր իրավասություններն անցնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը», - ասել էր նախարարը։

Զախարյանը, հիշեցնենք, նմանատիպ հայտարարություն էր արել նաև նախորդ տարվա մայիսին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նախարարությունը տևական ժամանակ է նաև ներդրողներ է փնտրում գործարանը վերաբացելու համար։ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցով մենք զբաղվում ենք, ինչ արդյունքներ կլինի՝ ցույց կտա ժամանակը, այսօր որևէ կոնկրետ առաջարկություն, որևէ կոնկրետ ներդնող, որ պատրաստակամություն հայտնի, չկա, մենք բանակցությունները շարունակում ենք, տեսնենք՝ ինչ կլինի, դրանից ավել ոչինչ խոստանալ չեմ կարող ես», - նախարարության մոտ իրենց ցույցը շարունակող նաիրիտցիներին այսօր ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։

Նաիրիտցիներից մեկը նկատեց, թե նախորդ շաբաթ նախարարությունն ինքն էր հայտարարում ռուսական երեք ընկերությունների մասին։ «Ռեալ ցանկություն ունեցող մեկը չկա», - դիտարկմանն արձագանքեց Զախարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG