Մատչելիության հղումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից հափշտակվել է 73 մլն դրամի վառելիք. կա երկու մեղադրյալ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են խարդախությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից շուրջ 73 միլիոն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

«Քաջարան քաղաքի բնակիչ Գ. Ստեփանյանը, աշխատելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում՝ որպես ավագ երթակարգավար, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015-ի հունվար-մայիս ամիսներին ընկերության անսարք «ԶԻԼ» մակնիշի 481 ՍԼ 51 համարանիշի և «Կամազ 5511» մակնիշի 403 ՍԼ 51 համարանիշի ավտոմեքենաների համար իր ենթակայությամբ աշխատող երթակարգավարների միջոցով կազմել է դիզելային վառելիք և բենզին ստանալու իրավունք վերապահող թվով 88 կեղծ փաստաթուղթ և խարդախությամբ իրավունք ձեռք բերել 3 միլիոն 850 հազար դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն նշում է, որ 2015 թվականի մայիսի 21-ին Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով։

«Իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ավագ երթակարգավարը նկարագրված գործողությունները կատարել է իր անմիջական ղեկավարի` ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ Կ. Եդիգարյանի հետ` վերջինիս հետ նախնական համաձայնությամբ», - փոխանցում է կոմիտեն՝ տեղեկացնելով, որ 2015 թվականի մայիսի 29-ին Եդիգարյանին նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։

Կոմիտեն նշում է, որ բացի վերը նշված 88 ուղեգրից, հայտնաբերվել և առգրավվել է ևս 1875 ուղեգիր, որոնց հիման վրա դուրս է գրվել 69 միլիոն 820 հազար 548 դրամ ընդհանուր արժողության 166 հազար 915 լիտր դիզելային վառելիք և բենզին: Ըստ հաղորդագրության, նախնական քննության տվյալներով, դրանք ևս կազմվել են ներքին ավտոհավաքակայանի ավագ երթակարգավար Գ. Ստեփանյանի հանձնարարությամբ` 2015 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում` Կ. Եդիգարյանի հետ նախապես կայացված համաձայնությամբ:

«Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Գ. Ստեփանյանն իր անմիջական ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ, վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կ. Եդիգարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ իրավունք է ձեռք բերել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության ՝ 73 միլիոն 670 հազար 548 դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն նշում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում մեղադրյալներ Ստեփանյանին և Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։

«Ծավալը լրացվել է և մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 73 միլիոն 670 հազար 548 դրամ ընդհանուր արժողության բենզին և դիզելային վառելիք հափշտակելու համար: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը», - հայտնում է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG