Մատչելիության հղումներ

Ցեղասպան Թալեաթի վերջին հարցազրույցը նրա գնդակահարությունից օրեր առաջ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Բրիտանացի դիվանագետ, ճանապարհորդ, հետախույզ և խորհրդարանի անդամ Օբրի Հերբերտը բացառիկ հարցազրույց է ունեցել Թալեաթ փաշայի հետ 1921 թ. փետրվարին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից նրան Բեռլինում գնդակահարելուց ընդամենը մի քանի օր առաջ:

Թալեաթ փաշան, որպես Օսմանյան կայսրության ամենազոր Մեծ վեզիր, բռնակալ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1918 թ. նոյեմբերին փախել էր Թուրքիայից՝ նոր վարչակարգի կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Թալեաթի 23 էջանոց հարցազրույցը հրապարակվեց 1924 (Լոնդոն) և 1925 (Նյու Յորք) թվականներին Հերբերտի «Բեն Քենդիմ. Արևելյան ճանապարհորդության նոթեր» խորագիրը կրող հուշերում:

Հերբերտը Թալեաթի հետ առաջին անգամ հանդիպել էր 1908 թվականին, երբ պաշտոնավարում էր Կոստանդնուպոլսում բրիտանական դեսպանատանը: Տասնմեկ տարի անց, Հերբերտը անակնկալ մի նամակ ստացավ Թալեաթից՝ նրա հետ «որևէ չեզոք երկրում» հանդիպելու խնդրանքով: Հուսահատորեն փորձելով ռեաբիլիտացնել իր դիվային կերպարը Արևմուտքում, Թալեաթը պնդում էր, թե «պատասխանատվություն չի կրում հայկական ջարդերի համար, թե կարող էր դա ապացուցել և շատ էր ցանկանում դա անել»: Հերբերտը մերժեց Թալեաթի խնդրանքը, ասելով. - «Ես շատ ուրախացա լսելով, որ նա այն մարդը չէր, որ պատասխանատու էր հայկական ջարդերի համար, սակայն չէի կարծում, որ մեր հանդիպումն այդ ժամանակ կարող էր որևէ նպատակի ծառայել»:

Սակայն, Հերբերտը փոխեց իր որոշումը1921 թ. փետրվարին, երբ բրիտանական հետախուզության տնօրեն սըր Բասիլ Թոմսոնը հրամայեց նրան անմիջապես մեկնել Գերմանիա և հանդիպել Թալեաթի հետ: Գաղտնի ժամադրությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, գերմանական փոքրիկ Համ քաղաքում:

Թալեաթը մեկ անգամ ևս ասաց Հերբերտին, որ «նա անձամբ միշտ դեմ է եղել հայերի բնաջնջման փորձերին»: Առավել անհավատալիորեն, Թալեաթը պնդեց, թե «նա երկու անգամ ընդդիմացել է այդ քաղաքականությանը, սակայն մերժում է ստացել գերմանացիների կողմից»:

Մոռանալով ջարդերում իր անմեղության պնդումների մասին, Թալեաթը արդարացրեց զանգվածային սպանությունները՝ հայերին մեղադրելով պատերազմի ժամանակ իր երկրին թիկունքից հարվածելու մեջ: Կրկին ինքն իրեն հակասելով, Թալեաթը իր աջակցությունը հայտնեց հայերին, հայտարարելով, որ «նա կողմ է եղել ազգային փոքրամասնություններին առավել ընդլայնված ձևով ինքնավարություն շնորհելուն և ուրախությամբ է դիտարկել իրեն ներկայացված ցանկացած առաջարկ»:

Այնուհետև, հայկական կոտորածների համար Թալեաթը մեղքը բարդեց բրիտանացիների վրա. - «Դուք՝ անգլիացիներդ, չեք կարող այս հարցում խուսափել ձեր պատասխանատվությունից: Մենք՝ երիտթուրքերս, գործնականում Թուրքիան ձեզ հրամցրեցինք, իսկ դուք մերժեցիք մեզ: Անվիճելի հետևանքներից մեկը եղավ քրիստոնյա փոքրամասնությունների կործանումը, որոնք ձեր վարչապետի պնդմամբ դիտարկվում էին որպես ձեր դաշնակիցներ: Եթե հույները և հայերը ձեր դաշնակիցներն են այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք պատերազմի մեջ ձեզ հետ, ապա դուք չեք կարող ակնկալել, որ մեր թուրքական կառավարությունը նրանց հետ վարվեր որպես բարեկամների»:

Հերբերտը և Թալեաթը այնուհետև որոշեցին տեղափոխվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, որտեղ ևս երկու օր շարունակեցին իրենց գաղտնի զրույցը: Հերբերտը պատմում էր Թալեաթի հակասական փորձի մասին՝ մի կողմից քողարկել իր դերը Հայոց ցեղասպանության մեջ, մյուս կողմից արդարացնել այդ հրեշավոր ոճրագործությունը: Թալեաթը նշել է, որ «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին և շատ էր ցանկանում, որ բրիտանացի պաշտոնյաները կարդան այն: Պատերազմի սկզբում, 1915 թվականին հայերը բանակ կազմակերպեցին և հարձակվեցին թուրքերի վրա, որոնք այն ժամանակ կռվում էին ռուսների դեմ: Երեք հայ պատգամավորներ ակտիվորեն մասնակցել են դրան. մահմեդականների դեմ իբր թե ջարդեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին կանանց և երեխաների նկատմամբ վայրագություններով: Նա երկու անգամ դեմ էր եղել բռնի տեղահանություններին, նաև եղել էր մի հետաքննության հեղինակ, որի հետևանքով մեղավոր քրդերից և թուրքերից մի քանիսը ենթարկվեցին մահապատժի»:

Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, թե չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին...

Ավարտելով Թալեաթի հետ իր հարցազրույցը, Հերբերտը նկատել է. - «Նա իր սերնդակից սակավաթիվ մարդկանցից էր, որ մահացավ ատելության մեջ, իսկապես անիծյալ: Միգուցե նա հենց այնպիսին էր, ինչպիսին նրան պատկերում էին, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ նա բացառիկ կարողություն և գրավչություն ուներ, սակայն չգիտեմ, թե արդյոք նա պատասխանատու էր հայկական կոտորածների համար»:

Միայն այդ ժամանակաշրջանի մասնագետները կարող են ստուգել այս ծավալուն հարցազրույցի հավաստիությունը և իսկությունը: Եթե այն իրոք ճիշտ է, ապա ո՞րն էր Թալեաթի նպատակը «անգլո-թուրքական դաշինք» առաջարկելիս, և ինչո՞ւ էր բրիտանական կառավարությունն այդքան ցանկանում զրուցել նրա հետ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG