ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ է հղել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակմանը և լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ քրեական հետապնդումներին։
«Մենք ուզում ենք անհանգստություն հայտնել մեր երկրների հարաբերություններին վնաս հասցնելու, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն հարկադրաբար փակելու և այդ լրատվամիջոցի առաջատար լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության կապակցությամբ»,- ասված է կոնգրեսականի նամակում։
Ռոյսը Իսմայիլովայի ձերբակալությունը համարում է «Ադրբեջանում մարդու իրավունքների, ինչպես նաև մամուլի ազատության շարունակվող սահմանափակումների վառ օրինակ»։
«Կոչ եմ անում Ձեզ ազատ արձակել Իսմայիլովային և բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են կասկածելի մեղադրանքներով։ Կոչ եմ անում նաև թույլատրել Բաքվի բյուրոյի գործունեության վերականգնումը»,- նաև գրել է կոնգրեսական Ռոյսը։