Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կփորձի 6000 վստահված անձանց միջոցով կանխել ընտակեղծիքները


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հիմնադիրներից են Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը, այսօրվանից սկսում է վստահված անձանց գրանցումը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների համար:

Կուսակցությունը մտադիր է երեքական ներկայացուցիչ ունենալ հայաստանյան բոլոր՝ շուրջ 2000 տեղամասերում: «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչպես այսօր հայտարարեցին ղեկավար անդամներ Արայիկ Հարությունյանը և Լենա Նազարյանը, իրատեսական է համարում կանխել կեղծիքները 6000 վստահված անձանց միջոցով ու ընտրություններով հասնել իշխանափոխության։

«Մեր և ուրիշների փորձը ցույց է տվել, որ եթե ընտրատեղամասում կա վստահելի անձ՝ իր իրավունքները իմացող և անկաշառ, ապա շատ դժվար է ընտրատեղամասում կեղծիքներ անել։ Իսկ եթե լինի երեք հոգի, ապա այդ դեպքում գրեթե անհնար է կեղծել ընտրությունների արդյունքները»,- ասաց Նազարյանը։

Արայիկ Հարությունյանն էլ բերեց դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեի օրինակը.- «Երբ բավականին պատրաստ և բանիմաց վստահված անձանց և դիտորդների մի խումբ, դա մոտավորապես 500-600 տեղամասում էր, կարողացավ պատշաճ կերպով ապահովել տեղամասերի վերահսկողությունը։ Իրենց տեղամասերում «ոչ»-ը մեծամասնություն է կազմել»։

Նորաստեղծ կուսակցությունում ընտրություններ վերահսկելու փորձ ունեն, գիտեն, որ վստահված անձին կարող են բռնության ենթարկել, ճնշել կամ կաշառել։ «Մենք համոզված ենք, որ եթե մենք ծածկում ենք ՀՀ ամբողջ տարածքը բոլոր՝ գրեթե 2000 տեղամասերում, ապա գործող վարչակազմին դժվար է լինելու բռնի մեթոդներով իրավիճակը փոխել տեղամասերում»,- նշեց Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրակեղծարար մեքենան կոտրելու միայն այս միջոցն է տեսնում, հավատացած են, որ հաջողվելու է հավաքել 6000-անոց բանակը, բայց եթե ոչ, ընտրություններին միևնույն է մասնակցելու են։ «2017 թվականի սկզբին մենք հայտարարելու ենք, թե մենք մեր ծրագիրը՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունը որքանով ենք ձևավորել, որքանով ենք պատրաստ ընտրությունների և որքան է իշխանափոխության հավանականությունը»,- ասաց Հարությունյանը։

«Մարդկանց անիմաստ տեղը պարտությունների չենք տանի»,- խոստացավ Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ կուսակցությունը պատրաստվում է նաև հետընտրական զարգացումների՝ այն դեպքում, եթե ընտրությունները կեղծվեն և իշխանությունները հաշվի չնստեն իրենց արձանագրած փաստերի հետ։

«Հանրահավաք հրավիրել և ներկայացնել բոլոր արձանագրությունները, որոնք մենք ունենալու ենք այդ տեղամասերից։ Եթե հաշվարկից հետո մենք կտեսնենք, որ մենք հաղթել ենք, ապա համապատասխան կոչով հանդես կգանք. մեր կուսակցության ծրագրի մեջ նշված է «թավշյա հեղափոխության» հնարավորությունը, որը մենք կիրականացնենք»,- գործողությունների հնարավոր սցենարը ներկայացրեց Հարությունյանը։

Կգլխավորի՞ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր»-ի ընտրական ցուցակը Նիկոլ Փաշինյանը` որոշվելու է ներկուսակցական քվեարկությամբ: Ցուցակում ընդգրկվելու են միայն կուսակցականները, վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը հակված չէ դաշինքով ընտրություններին մասնակցելուն.- «Դաշինքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրեն սպառել է։ Մենք տեսել ենք տարբեր ֆորմատների, որակի, բովանդակությամբ դաշինքներ, բայց դրանք մինչև հիմա որևէ հաջողության չեն հասել»։

Խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին ընդառաջ՝ կուսակցությունը հայտարարում է, թե միանում է ընդդիմության տարիներ շարունակ հնչեցրած պահանջին՝ հրապարակել քվեարկողների ցուցակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG