«Ես ուզում եմ վերջ դնել հետևյալ սխալ մտայնությանը՝ նախագահական համակարգը Թայիբ Էրդողանի անձնական խնդիրը չէ, այն ոչ թե անձնական է, այլ երկրի ապագայի հարցն է», - ասել է նա:
2014 թվականի օգոստոսին նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային ուժեղ նախագահ է պետք: Նաև կարծիք է հայտնել, թե ներկայիս համակարգն անընդունելի է, քանի որ ընտրված նախագահն ու վարչապետը չեն կարող կայուն և ամուր իշխանություն ապահովել:
«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական համակարգը հնացել է: Նոր Թուրքիայի կառուցման ճանապարհին երկիրը կարիք ունի նոր սահմանադրության, որը կյանքի կկոչի կառավարման նախագահական համակարգը», - երեկ հայտարարել է նա:
Անցած նոյեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր սահմանադրության հարցը բանավեճ է հարուցել իշխանության և ընդդիմության միջև: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 330 պատգամավորական մանդատից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի միայն 317-ը, ուստի պետք է համաձայնության գա խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ:
Թեև ընդդիմադիր կուսակցությունները ընդհանուր առմամբ կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն նախագահի լիազորությունների ընդլայնման հարցում միակարծիք չեն իշխանական թևի հետ:
Հունվարի սկզբին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ ու քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Համաձայնության էին եկել, որ 1982 թվականին զինվորական իշխանության կողմից ընդունված գործող սահմանադրությունը ենթակա է փոփոխման, իսկ նոր սահմանադրությունը պետք է հիմնված լինի ազատության, հավասարության, արդարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքների վրա:
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակելու համար արդեն ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են խորհրդարան անցած չորս կուսակցությունների պատգամավորներ, որոնց թվում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը կկայանա փետրվարի 4-ին: