Տավուշցի Բագրատը իր նոր համակարգչով արդեն ռոբոտաշինության մասին անգլերեն հոդվածներ է կարդում։ Ծննդյան օրվա առթիվ նրա հյուրերը նաև հեռուստացույց և հեռախոս նվիրեցին։
«Կարդարացնեմ ձեր հույսերը»,- խոստացավ պատանին։ «Մերը պետք չի»,- առարկեցին հյուրերը ու մաղթեցին՝ «ազգի համար պիտանի մարդ լինես»։
Արդեն 17-ամյա Բագրատը այսօր ևս մեկ նվեր ստացավ՝ տան հին հեռուստացույցը։ Ապագա նախագծերի համար այն հաստատ պետք կգա։ «Քանդեմ, տենամ մեջը ինչ կա-չկա»,- ոգևորվեց նա։
Նոր համակարգիչը ուսումնասիրելուց հետո որոշեց, որ իր նախագծերը 3D մոդելավորելու համար պետք է ծրագրեր սովորի։ Արդեն մի քանի նոր բան է մտածել.- «Սովորական գլխարկի տեսք է ունենալու, էն կլորի վրա արևային կուտակիչներն են լինելու, որ էներգիան հավաքեն ու վերածեն հոսանքի։ Էն դիմացը ֆռռիկը կլինի, որ հովացնի»։
Բագրատը պատմում է, որ վերջին օրերին շատերի հետ է ծանոթացել։ Անծանոթ մարդկանց արձագանքներից ոգևորվել է և իրեն պարտավորված է զգում։ Որոշել է այլընտրանքային էներգիայի ոլորտը ուսումնասիրել։ Օրինակ, ցանկանում է մարզասարք պատրաստել, որը նաև տան համար հոսանք կարտադրի։
«Դե, մարդը որ շնչում է, հետո արտաշնչում է, անընդհատ էդ պրոցեսը կատարվում է, ու մտածում եմ ստեղծել մի սարք, օրինակ, վզնոց, էդ տատանումներից հոսանք ստանանք ու գրպանի վրա հարմարացնենք, էդ ամբողջը հավաքվի, ինքն իրանից մարդը հոսանք միացնի»,- ապագա նախագիծն է մտմտում նա։
Բագրատը նաև առաջիկա մեկ տարում անվճար ինտերնետ կունենա. «Ազատության» հրապարակումից հետո մի խումբ քաղաքացիներ այս նպատակով դրամահավաք էին անցկացրել։ Գումարի մյուս մասով էլ կվճարի պարապմունքների վարձը։ Համակարգիչը, հեռախոսը և հեռուստացույցն էլ նրան սփյուռքահայ բարերար է նվիրել, ով, ընկերոջ խոսքով, ցանկացել է անանուն մնալ.- «Բարեգործությունը չպետք է ծառայի որպես գովազդ, հենց էդ մարդը, ով կատարեց էս բարեգործությունը, հավատարիմ մնաց այդ սկզբունքին»։
Բագրատի համար «Թումո» գնալն էլ այլևս երազանք չի լինի, արդեն ընդունել են և կօգնեն Դիլիջան հասնել։ Ծննդյան հաջորդ օրն էլ Բագրատին հրավիրել էին «Այբ» դպրոց՝ ռոբոտիկայի դասընթացների։ Այստեղ նույն հետաքրքրություններն ունեցող, Երևանում ապրող Սիմոնը ծանոթացրեց լաբորատորիայի սարքավորումներին։ Բագրատն էլ իր պատրաստած երաժշտական կոշիկը ցույց տվեց։
Պարապմունքներին և համալսարան ընդունվելու ծրագրերին զուգահեռ՝ Բագրատը որոշել է առաջիկա օրերին լաբորատորիայում սովորել։ Ծրագրել է արևային էներգիայով աշխատող գլխարկ պատրաստել։