Այսօր հայ զինվորն իր տոնը նշում է համեմատաբար հանգիստ վիճակում, այսօր ոչ խաղաղություն է, ոչ էլ լիարժեք պատերազմ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծուր Հովհաննիսյանը։
Ըստ ՊՆ խոսնակի, սա մարտական գործողությունների այն լարված վիճակն է, որն ավելի մոտ է պատերազմին, բայց հեռու չէ նաև խաղաղությունից։
«Այսօր զինվորների գերակշիռ մասը, գիտակցաբար ընկալելով սրա կարևորությունը, ինչպես հունվարի 28-ը, սեպտեմբերի 21-ը կամ մայիսի 8-ը, իհարկե, տոնով են նշում, որոշ մասն էլ թեկուզ միայն օրվա խորհրդի, թեկուզ միայն օրվա ընթացքում օրակարգով տեղի ունեցած երևույթներից, անկախ իրենցից բնականաբար պետք է տոնեն, որովհետև այս օրը տոնական է, այս օրը լրիվ այլ օրակարգ է, առավոտյան վերկացից սկսած զինվորը լրիվ այլ օրակարգով է շարժվում. բազմաթիվ հյուրեր են լինում, մշակութային միջոցառումներ են լինում, սննդակարգը փոխվում է, այսինքն՝ իրոք տոնական միջավայր է ստեղծվում», - ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով պարբերաբար բանակի հասցեին հնչող քննադատություններին, ՊՆ խոսնակն ասաց, որ չի էլ պատկերացնում, որ այդ քննադատությունները մի օր կավարտվեն։ «Բաց հասարակությունում քննադատությունները միշտ լինում են ցանկացած պետական կառույցի նկատմամբ։ Իսկ Հայկական բանակի կայացվածության և ուժեղ լինելու լավագույն քննությունը այն է, որ չի վերաճում լայնամասշտաբ պատերազմի. հակառակորդը իր, չգիտեմ, բազմակի անգամ գերազանցող չգիտեմ ինչ միջոցներով չի համարձակվում անցնել լայնամասշտաբ պատերազմի, և դրա զսպողը Հայկական բանակն է, և դրա զսպումները Հայկական բանակի քննությունն է, Հայկական բանակի ուժեղության աստիճանը», - ասաց Հովհաննիսյանը։