Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը «կազմակերպված սադրանք» է որակում գիշերվա միջադեպը


«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում, արխիվ
«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում, արխիվ

«Նոր Հայաստան»-ը կազմակերպված սադրանք է որակում այս գիշեր Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը՝ պնդելով, որ բերման ենթարկված 7 քաղաքացիներից միայն 3-ն են եղել շուրջօրյա հերթապահության մասնակից:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Թինա անունով մի քաղաքացի ահազանգել է, թե գիշերը Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքի վայրից ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր են վերցվել:

«Նոր Հայաստան»-ից Անդրիաս Ղուկասյանն ասում է՝ ալկոհոլը ոստիկանության ուղարկած սադրիչներն են հրապարակ բերել։

«Նոր Հայաստան» շարժման երեք մասնակից հերթապահություն են ունեցել նստացույցի վայրում, իրենք բոլորը եղել են սթափ, այդ հանգամանքը հաստատվել է ոստիկանությունում իրենց բերման ենթարկելու ժամանակ»,- հայտարարեց Ղուկասյանը։

«Որևէ մեկը չի կարող այստեղ մտնել առանց ոստիկանության հսկողության, մենք երբ գալիս ենք հրապարակ, մեզ, որպես կանոն, խուզարկում են, երբ ինչ-որ բան ենք բերում և այլն։ Բնականաբար, գիշերվա ժամը 1-ին չորս քաղաքացի, անչափահաս, այն էլ՝ հետախուզման մեջ գտնվող, ոստիկանության կողքով աննկատ անցնելու հնարավորություն չէին կարող ունենալ, եթե չէին գտնվում ոստիկանության հսկողության կամ ուղղորդման ներքո»,- նաև ընդգծեց Ղուկասյանը։

Ընդդիմադիրները մինչև ժամը 16-ը ոստիկանությանը ժամանակ տվեցին՝ վերադարձնելու ապամոնտաժված ծածկը, տաքացուցիչները, սեղանը, պաստառների անիվները։ Հակառակ դեպքում «Նոր Հայաստան»-ը երեկոյան նոր ծածկ է տեղադրելու հրապարակում:

Իրավապահները, մինչդեռ, հայտարարում են, թե իրավիճակն արմատական փոփոխության կարիք ունի, քանի որ «շուրջօրյա հավաքի վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց»:

«Նպատակը եղել է ապամոնտաժել ծածկը, վերցնել այն բոլոր պարագաները, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին գիշերվա ժամերին նստացույցը իրականացնել։ Սա է գլխավոր թիրախը։ Մնացած ամեն ինչը ոստիկանությունը կազմակերպել է այնպես, որ դա հնարավոր լինի ներկայացնել հանրությանը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Վաղը Օպերային թատրոնի դահլիճում տեղի է ունենալու Բանակի օրվա պաշտոնական տոնակատարությունը, շենքն արդեն ծածկված է տոնական պաստառներով: Պետրոս Մակեյանն ասում է՝ հրապարակը չեն ազատելու.- «Մենք հիմա փորձելու ենք մոբիլիզացիայի երկրորդ էտապը՝ մարտի 1-ը։ Մենք արդեն հայտարարել ենք համաժողովրդական հանրահավաք, որով այսօրվանից մենք դիմում ենք և սկսելու ենք բանակցությունները ընդդիմադիր գործընկերների հետ, որ նրանք միանան այդ մոբիլիզացիային, որովհետև ժողովուրդը մարտի 1-ին գալու է հրապարակ։ Մենք շարունակելու ենք շուրջօրյա հերթապահությունը Ազատության հրապարակում և, բնականաբար, հրապարակը պետք է պահենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG