Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն»-ից (ԻՊ) նավթ գնելու և դրանով ահաբեկչական խմբավորման գործունեությունը ֆինանսավորելու մեջ։
BBC-ի փոխանցմամբ՝ Յաալոնը Աթենքում հայտարարել է, որ ԻՊ-ն «շատ, շատ երկար ժամանակ օգտվել է նավթի դիմաց թուրքական փողից»։
«Հիմա Թուրքիան, թուրքական կառավարությունը, թուրքական ղեկավարությունը պետք է որոշի՝ արդյոք իրենք ցանկանում են մաս կազմել ահաբեկչության դեմ պայքարում որևէ համագործակցության», - լրագրողներին ասել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը հույն պաշտոնակից հետ հանդիպումից հետո և շարունակել. - «Մինչ այժմ այդպես չի եղել։ Ինչպես գիտեք, «Դաեշ»-ը [ԻՊ-ն] շատ, շատ երկար ժամանակ օգտվել է նավթի դիմաց թուրքական փողից։ Հուսով եմ՝ դրան վերջ կտրվի»։
Նա նաև պնդել է, որ Թուրքիան «թույլ է տվել ջիհադիստներին Եվրոպայից մեկնել Սիրիա և Իրաք ու հակառակ ուղղությամբ»։
BBC-ն հիշեցնում է, որ Թուրքիան հերքում է իր թողտվությունը ԻՊ-ի ապօրինի առևտրի հարցում, և որ Միացյալ Նահանգները վերջերս հերքել է Ռուսաստանի պնդումները զինյալների հետ թուրքական կառավարության պաշտոնյաների համագործակցության մասին։ Միաժամանակ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է, որ ԻՊ-ի նավթը մաքսանենգ ճանապարհով մտնում է Թուրքիայի տարածք միջնորդների օգնությամբ, հավելում է լրատվամիջոցը։