Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները արձագանքում, մեկնաբանում, պատասխանում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ 2015 թվականը ամփոփող ասուլիսում Վրաստանի մասով հնչեցրած բոլոր գնահատականներին։
«Վրաստանի կառավարությունն ամբողջովին վերահսկում է Պանկիսի կիրճի իրավիճակը, և այնտեղ ահաբեկչական սպառնալիքների որևէ ռիսկ չկա», - երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Ռուսաստանի արտգործնախարարը նույն օրը հայտարարել էր, թե Պանկիսի կիրճում ահաբեկչական սպառնալիքը չի վերացել, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այդ տարածքն օգտագործում է վարժանքների համար։
Ռուսական կողմի հետ բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պանկիսի կիրճի մասին Լավրովի հայտարարությունը համարել է միտումնավոր արված մեկնաբանություն։
Վրաստանի վարչապետը նաև ներկայացրել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պաշտոնական Թբիլիսիի պայմանները՝ հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Սերգեյ Լավրովը հնարավոր էր համարել Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացումը, բայց ասել էր, թե դա տարօրինակ կլինի, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան։
«Այդ հարցը չի կարող օրակարգում լինել, և մեր գործընկերները գիտեն, թե ինչու. քանի դեռ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, քանի դեռ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ կարևոր քայլեր չեն արվել, այդ հարցը մենք չենք քննարկի», - ասել է Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնացը նաև ասել է, թե երկու երկրների միջև առկա խնդիրների պատճառը հիմնականում կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը Աբխազիայի և Ցխինվալիի [Հարավային Օսիա] շրջանները ճանաչել է անկախ պետություններ, ինչը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է և միջազգային օրենքի անտեսում։
Իսկ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին նաև ասել է, թե պաշտոնական Թբիլիսին կքննարկի երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հարցը՝ այդպիսով պատասխանելով Լավրովի հայտարարությանը, թե պատրաստ է հանդիպել իր վրացի պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեին։
«Երկխոսության համար մենք որոշակի խողովակներ ունենք, և այդ հարցը մենք բնականաբար կքննարկենք ու մոտ ապագայում մեկնաբանություններ կլինեն», - հավաստիացրել է Վրաստանի վարչապետը։