Մատչելիության հղումներ

Նպաստառու մայրերը բողոքում են վճարումների ուշացումից


Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:

«Մեզ անգամ չեն տեղեկացնում, թե ինչու է ուշանում», - ասաց երկու երեխաների մայր Նարեհ Սուքիասյանը:

«Ազատության» հետ զրույցներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար հատկացվող նպաստը ստացող մայրերը պնդում են, որ ամեն ամիս պետության կողմից հատկացվող 18 հազար դրամը գրեթե միշտ ուշացումով են ստանում:

«Մեզ անգամ չեն տեղեկացնում, թե ինչու է ուշանում», - ասաց երկու երեխաների մայր Նարեհ Սուքիասյանը: - «Ես չեմ ստացել նաև անցյալ տարվանը, որովհետև ես չեմ իջել պոչտա, իրենք էլ հարկ չեն համարել բերել՝ մտածելով, որ միշտ ես եմ իջնում: Ավելի ճիշտ կլիներ փոխանցումային համակարգ ներդնել, որովհետև իսկապես բազմազբաղ մայրիկներ կան․․․ Պետք է կազմակերպված արվի ամբողջ աշխատանքը, մենակ գումարը դուրս գրելով չէ»:

Նպաստառու ծնողները պնդում են՝ ամսական 18 հազար դրամով անգամ մեկ տուփ տակդիր չես գնի:

Նպաստի տրամադրման կարգից դժգոհ Սուսաննա Թամազյանը պնդում է՝ ժամանակն է, որ նպաստի տրամադրման կարգը վերանայվի․ - «Շատ լավ կլիներ, որ լիներ կոնկրետ օր, որ իմանայինք, որ այդ օրը մենք գումարը ստանալու ենք»:

Իսկ երկու երեխաների մայր Օֆելյա Կամավոսյանը հավելում է, թե երեխաների նպաստը ստանալը միշտ գլխացավանք է եղել․ - «Կարելի է օպտիմալ տարբերակ մշակել ու կանգ առնել դրա վրա: Ոչ թե փոքրիկ երեխային տանը թողած մորը այս ատյանից այն ատյան ուղարկելը: Ի՞նչ կարիք կա ամեն տարի փոփոխել այդ կարգը»:

Նպաստառու ծնողները դժգոհում են՝ պետության կողմից տրամադրվող այդ փոքր գումարը ստանալու համար սարդոստայն հիշեցնող բյուրոկրատական մեծ քաշքշուկի մեջ են հայտնվում:

30-ամյա Տաթևիկն արդեն 5 ամիս չի ստացել երեխայի նպաստը՝ շուրջ 90 հազար դրամ․ - «Դա իմ մի քանի օրվա աշխատավարձն է իրականում: Ինձ համար դա ֆինանսական խնդիր չէ, ինձ համար դա սկզբունքի խնդիր է․․․ Եթե, ասենք, մի քանի հոգի լինի, որոնք չեն ափսոսա իրենց նյարդերը, հաստատ մեր պետությունը կսկսի ավելի նորմալ աշխատել»:

Մինչ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններից սպառիչ պատասխան չստացած մայրերը համացանցում միմյանցից հետաքրքրվում են նպաստի ուշացման պատճառների մասին, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը տեղեկացնում է՝ երեխայի խնամքի համար հատկացվող նպաստն այս տարվանից իրենց ծառայությունն է վճարելու («Փարոս» համակարգի փոխարեն):

Ուշացման պատճառը, ըստ նրա, տեխնիկական է․ նպաստները կվճարվեն փետրվարի 5-15-ը․ - «Տեխնիկական աշխատանքներ են կատարվում մի ծառայությունից մյուս ծառայություն նպաստը փոխարինելու կապակցությամբ: Ուստի, այդ աշխատանքներով կապված, դեկտեմբեր ամսվա դիմումների հիման վրա վճարումը, որը պետք է կատարվեր հունվար ամսին, և հունվար ամսվա դիմումների վճարումները միասին կվճարվեն փետրվարի 5-15-ը: Եվ երբ համակարգը կընկնի իր բնականոն հունի մեջ, այսուհետ կվճարվի ամսվա սկզբին»:

«Ազատության» հարցին, թե ինչ երաշխիք կա, որ նպաստը տրամադրող ծառայության փոփոխությունից հետո այլևս ուշացումներ չեն լինի, Շահբեկյանը պատասխանեց․ - «Երաշխիքը մեր աշխատանքի որակն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG