Մատչելիության հղումներ

«Ազերի Դեյլի». «Ադրբեջանի լավ ընկերը՝ ԵԽԽՎ նախագահ»


Պեդրո Ագրամունտ, արխիվ
Պեդրո Ագրամունտ, արխիվ

Պեդրո Ագրամունտը Բաքվի «խավիարային դիվանագիտության» մասին սկանդալային զեկույցի գլխավոր հերոսներից է:

«Ադրբեջանի լավ ընկերը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ»․ այսպես է վերնագրել ադրբեջանական «Ազերի Դեյլի» անգլալեզու լրատվական կայքը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունտի ընտրության մասին լուրը։ Մինչդեռ Ագրամունտի գործունեության մասին որոշ ուշագրավ հրապարակումներ փաստում են, որ նա ոչ թե Ադրբեջանի, այլ Ադրբեջանի իշխանությունների լավ ընկերն է։

67-ամյա իսպանացի պատգամավորը սկանդալի կենտրոնում հայտնվեց դեռևս 2012 թվականին, երբ «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնը հրապարակեց հայտնի սկանդալային զեկույցը՝ «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել» վերտառությամբ փաստաթուղթը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց Ագրամունտն է։

Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի իշխանություններին բարեկամաբար վերաբերվող իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներից մեկը, եվրոպական հանրությանը Ադրբեջանի ընդդիմության ձայնը հասցնելու փոխարեն` «դարձել է Եվրոպայում Ալիևի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը, դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»։

Վերլուծական կենտրոնը մեկ տարի անց՝ արդեն 2013 թվականին, կրկին անդրադառնալով Ադրբեջանում իսպանացի քաղաքական գործչի հերթական առաքելությանը, հրապարակել է մեկ այլ զեկույց` «Կեղծիքի պատկերը. ինչպես են դիտարկել Ադրբեջանը, կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» վերտառությամբ փաստաթուղթը, որում հեղինակը կրկին բարձրաձայնում է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումների և այդ ամենի վերաբերյալ Ագրամունտի ոչ օբյեկտիվ գնահատականների մասին, մասնավորապես այն, որ իսպանացի պատգամավորը հաջողությամբ սրբագրել է ադրբեջանցի իրավապաշտպանների վկայությունները և Ադրբեջանը Եվրոպային ներկայացրել որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մի երկիր։

Ագրամունտի գործունեության շուրջ կրքերը բորբոքվեցին հատկապես անցյալ տարի, երբ վերջինս ԵԽԽՎ-ին ներկայացրեց իր համահեղինակած վերջին զեկույցը Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ։

«Մեղմ, հաճախ իրականությունից կտրված վկայություններ, որոնք այդպես էլ ճշգրիտ կերպով չներկայացրեցին երկրում օր-օրի վատթարացող իրավիճակը», - այսպես էին արձագանքում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները իսպանացի պատգամավորի հեղինակած փաստաթղթին։

Դեռևս 2014 թվականին, երբ հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների մասին հերթական անգամ պետք է զեկույց պատրաստի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, ադրբեջանցի իրավապաշտպանների շրջանում բողոքի ալիք բարձրացավ։

«Նա հայտնի է ադրբեջանցի իշխանությունների նկատմամբ իր լոյալությամբ», - «Կավկազսկի Ուզել»-ին ասել էր իրավապաշտպան Արզու Աբդուլաևան։

«Ոչ օբյեկտիվ և չափազանց մեղմ», - նույն լրատվամիջոցում իր գնահատականն այսպես էր ձևակերպել իրավապաշտպան Լեյլա Յունուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG