Մատչելիության հղումներ

Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման տասը տարին


Սերգեյ Սմբատյան, արխիվ
Սերգեյ Սմբատյան, արխիվ

Տասը տարիների ընթացքում նվագախումբը 400 համերգով է հանդես եկել։

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման տասնամյա հոբելյանը։

Ճիշտ տասը տարի առաջ 18-ամյա երիտասարդ Սերգեյ Սմբատյանն իր համադասարանցիների և համակուրսեցիների հետ հիմնադրեց երիտասարդական այս սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին համերգը ղեկավարեց հենց հունվարի 25-ին։

Եվ ահա տասը տարի անց 92 հոգանոց Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, որը հիմնադրումից երեք տարի անց դարձավ Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, կրկին հայ երաժշտասերին բարձրաճաշակ երաժշտություն կմատուցի այս երեկո, ինչպես և արել է իր գործունեության տասը տարիների ընթացքում՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում իրականացնելով բազմաթիվ համերգային ծրագրեր։

Այս տասը տարիների ընթացքում նվագախումբը 400 համերգով է հանդես եկել, որոնցից 66-ը տեղի են ունեցել միայն անցած տարի՝ հիմնականում նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին։

Ուշագրավ է, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին մշտապես հաջողվել է Հայաստան հրավիրել աշխարհահռչակ երաժիշտների, որոնք նվագախմբի հետ հանդես գալով՝ շատ բարձր են գնահատել նվագախմբի ստեղծագործական գործունեությունը և ցանկություն հայտնել շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Օրինակ՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի ստեղծագործություններն էլ են հնչելու այս երեկո․ 80-ն անց ալեզարդ կոմպոզիտորը երկու տարի առաջ է առաջին անգամ լսել նվագախմբի կատարումները և անմիջապես ասել, որ իրեն շատ դուր եկան, հատկապես իր ստեղծագործությունների կատարումները նվագախմբի կողմից։ Երկու տարի անց Պենդերեցկին ցանկություն է հայտնել այսօր ներկա գտնվել նվագախմբի հոբելյանական համերգին։

Այսօր աշխարհահռչակ լեհ երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և համերգին մասնակցող մենակատարների ուղեկցությամբ մամուլի ասուլիսի էր եկել, որի ընթացքում զուսպ և հակիրճ պատասխանելով լրագրողների հարցերին նախ շեշտեց՝ շատ ուրախ է, որ կրկին Հայաստանում է և մասնակցելու է համերգին: Ասում է, որ շատ կարևոր է այսօր հատկապես երիտասարդների հետ աշխատելը, նպաստել նրանց առաջընթացին և զարգացմանը․ - «Մշտապես, իմ ողջ կյանքում շփվել եմ ամենահայտնի նվագախմբերի հետ: Հիմա ինձ հատկացված ժամանակը ցանկանում եմ երիտասարդներին նվիրել»:

Մաեստրոյին հիացնում են ամենատարբեր ազգությունների երիտասարդ երաժիշտների խանդավառությունն ու անսպառ էներգիան:

Անցյալ տարի, հիշեցնենք, Պենդերեցկին Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություն էր գրել, որը հնչել է Կարնեգի Հոլում՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ:

Աշխարհահռչակ կոմպոզիտորը այսօր ասաց, թե չի կարծում, որ արվեստը կփրկի աշխարհը․ - «Մեր ազդեցությունն այսօր աշխարհի վրա մինիմալ է, և, արվեստը, ցավոք, ոչինչ չի կարող փոխել»:

Այսօրվա համերգին կմասնակցեն նաև միջազգային ամենահեղինակավոր մրցանակների արժանացած երաժիշտներ՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Յուկա Ցուբոյը, Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիմոնյանը և մի շարք այլ հանրահայտ երաժիշտներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG