Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ


Հասան Ռոհանին և Սերժ Սարգսյանը, արխիվ
Հասան Ռոհանին և Սերժ Սարգսյանը, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Սարգսյանը և Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

«Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում», - ասված է հաղորդագրությունում:

Ռոհանին ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, գործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամությունը:

Նախագահները «կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը», համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG