Դատարանը ապօրինի է համարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալման որոշումը և նրան ազատ արձակելու որոշում է կայացրել, «Ազատությանը» փոխանցեց բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Փաստաբանի խոսքով՝ քննիչը «փախել է դատարանից»՝ առանց դատավորի որոշումը կատարելու, այսինքն ձերբակալված բժշկին ազատ արձակելու փաստաթղթային ձևակերպումները տալու։ Արդեն մեկ ժամ է անցել դատարանի որոշումից, բայց Բախշյանը դեռևս գտնվում է դատարանի շենքում։
Քիչ առաջ դատարան եկավ «Շտապօգնության» մեքենան, Սիրունյանի խոսքով՝ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է։ Փաստաբանը նաև ասաց, թե դեռևս տեղեկություններ չունեն քննչական մարմնի գործողությունների մասին։
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի առջև են հավաքվել Բախշյանի գործընկերները, ովքեր եկել են սատարելու նրան։
Հիշեցնենք, Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է երեկ՝ անցած հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» հայտնել էր, որ բժշկուհին քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ։
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Կարինե Սիմոնյան