Մատչելիության հղումներ

ՄԽ միջնորդները ԵԽԽՎ-ին հորդորում են չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել ԼՂ բանակցությունները


Լեռնային Ղարաբաղ -- Մինսկի խմբի համանախագահները շփման գծում, 27-ը հոկտեմբերի, 2015թ.
Լեռնային Ղարաբաղ -- Մինսկի խմբի համանախագահները շփման գծում, 27-ը հոկտեմբերի, 2015թ.

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունները։

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևեր, և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափը։ Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների դրսևորած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չանել քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբին տրված մանդատին կամ էլ բարդացնել ընթացող բանակցությունները»,- այսօր հայտարարել են համանախագահները։

Համանախագահները նաև ողջունում են Լեռնային Ղարաբաղ խնդրի լուծման համար բանակցային կարգավորում գտնելու ջանքերը։ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրոն և Իգոր Պոպովը հայտարարում են, որ պատրաստ են համատեղ աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հավատարիմ են խաղաղ կարգավորման գաղափարին։

Հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում սպասվում է, որ քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետերի թվում, մասնավորապես, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG