Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյան․ Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել հարյուր դոլարով գազ


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Հայաստանի իշխանությունները, չնայած Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացմանը, չեն բանակցում Թեհրանի հետ գազի գնման շուրջ:

«Իրանի հետ այսօր գազի մատակարարման հարցով բանակցություններ չեն տարվում: Գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի և Իրանի միջև չեն տարվել: Իրանի դեսպանի կողմից հայտարարություն, որ ավելի էժան գազ կտան, քան ռուսական գազը, չի եղել: Ոչ էլ նույն գնով, նման հայտարարություն չի եղել: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել, ինչպես անդրադառնում են թերթերը, հարյուր դոլարով գազ: Իրանը այսօր չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվող գազը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Հետևեց հարց՝ եթե Իրանի հետ չեք բանակցել, ի՞նչ գիտեք, որ Թեհրանը գազն ավելի թանկ է վաճառում, քան Մոսկվան: «Գիտենք», - հակադարձեց նախարարը: - «Գիտենք, թե Իրանը ինչ գնով է գազ մատակարարում: Եվ տիրապետում ենք բոլոր ինֆորմացիային ընդհանրապես գազի բնագավառում, թե որ երկիրը ում ինչքանով է գազ մատակարարում: Ես պատասխանատու եմ հայտարարում՝ Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում»:

«Գազպրոմը» գազի հազար խորանարդ մետրը սահմանին վաճառում է 165 դոլարով, սակայն նույն ծավալի գազը Հայաստանի բնակիչներին վաճառվում է գրեթե երկու անգամ թանկ՝ մոտ 320 դոլարով:

Նախարարի անդրադարձը Իրանի դեսպանի հայտարարությանը պատահական չէր: 2013 թվականի դեկտեմբերին՝ ընդամենը օրեր անց, երբ Հայաստանի իշխանությունները պարտքի մարման համար «Գազպրոմին» հանձնեցին «Հայռուսգազարդում» ունեցած բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, թե յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր կողմից վաճառվող գազի գինը և այն կարող է լինել անգամ 100 դոլար:

Օրերս գործարարների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող էներգակիրների գները վերանայելու առաջարկով: Եվրոպացիների համար, համենայնդեպս, այդ գինն արդեն իջել է․ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը երեկ հայտարարել է, որ Եվրոպային ռուսական գազը այս տարվա առաջին եռամսյակում կվաճառվի 180 դոլարով ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված 284 դոլարի դիմաց: Այսինքն՝ եվրոպացիների համար ռուսական գազը էժանացել է ավելի քան մեկ երրորդով:

Այսօր Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ գազի գնի նվազեցման շուրջ բանակցում են Ռուսաստանի կառավարության հետ․ դեռ որոշում չկա: Հարցին՝ եթե ռուսական կողմը մերժի Հայաստանի կառավարության դիմումը, ի՞նչ այլընտրանքային լուծում ունեն Հայաստանի իշխանությունները, Զախարյանն արձագանքեց․ - «Երբ կլինի պատասխանը Ռուսաստանի, այն ժամանակ բոլոր հարցերին կանդրադառնանք»:

Պաշտոնական Թբիլիսին ու «Գազպրոմը» այժմ բանակցում են Վրաստանի տարածքով Հայաստան եկող ռուսական գազի տարանցման վճարի շուրջ: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երեկ հայտարարել է, որ ռուսական ընկերությունը սպառնացել է դադարեցնել Հայաստան գազի մատակարարումը՝ եթե բանակցություններում իրեն ձեռնտու արդյունքներ չգրանցվեն:

Հարցին, թե ինչ է անելու այդ դեպքում Հայաստանի կառավարությունը, եթե Իրանի հետ անգամ չի էլ բանակցում գազի գնման շուրջ, նախարար Զախարյանն արձագանքեց․ - «Եկեք ենթադրություններով չխոսենք, հա՞»:

Նախարարը իրատեսական գնահատեց վրաց-իրանական բանակցությունները՝ Հայաստանի տարածքով տարեկան 500 միլիոն խորանարդ մետր իրանական գազը Վրաստանին վաճառելու շուրջ: Պայմանավորվածություն դեռ չկա, բայց Հայաստանի կառավարությունը հետևում է ընթացքին և ցանկացած անհրաժեշտ պահի կմիանա բանակցություններին:

«Ազատության» հարցին, թե ինչ կստանա Հայաստանը համաձայնության դեպքում, Երվանդ Զախարյանը պատասխանեց․ - «Դա բոլորը բանակցությունների հարց են: Բացի դրանից, մի բան կարող ենք մենք գիտակցել, որ Հայաստանը վերջապես կարող է դառնալ տարանցիկ երկիր»:

Նշելով, որ հայ-իրանական գազատարը թույլ է տալիս տարեկան ներմուծել 2.2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ նախարարն ասաց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կառուցել երկու էներգաբլոկ (ջերմաէլեկտրակայաններ)՝ յուրաքանչյուրը 234 մեգավատտ հզորության, ինչը թույլ կտա «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում իրանական գազի տարեկան ներմուծումը հասցնել 1.2 միլիարդ խորանարդ մետրի՝ ներկայիս 370 միլիոն խորանարդ մետրի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG