Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի կառավարությունը ուրախ է համագործակցել Հայաստանի գլխավոր դատախազության հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը՝ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ։
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը:
Կոստանյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից: Նա կարևորել է փորձի փոխանակումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական առումով՝ հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդրությունների առանձնահատկությունները:
Ըստ դատախազության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացակարգերին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը նշել է այն առաջնահերթությունները, որոնք առավել նպատակահարմար կլինի քննարկել դատախազների և քննիչների մասնակցությամբ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կազմակերպվելիք աշխատանքային քննարկմանը:
«Այնպիսի փորձագետների այցելությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, թույլ կտան մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես է հնարավոր համատեղ լուծումներ տալ այդ լրջագույն խնդրին», - ասել է Միլսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: