Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ Առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»


Թուրքիայի վարչապետը Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա այցի շրջանակներում այսօր Լոնդոնում ելույթով հանդես է եկել Bloomberg ֆինանսական տեղեկատվական-վերլուծական ընկերությունում շուրջ 200 ներդրողների հետ հանդիպման ժամանակ։

Ահմեթ Դավութօղլուն իր ելույթում անդրադարձել է նախորդ տարի Թուրքիայի անցած քաղաքական և տնտեսական ուղուն, խոսել առաջիկա ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին։ Դավութօղլուն նշել է, որ 2010 թվականից ի վեր իր 5 տոկոս տնտեսական աճով Թուրքիան տնտեսապես ամենաարագ զարգացող երկրների թվում է։ Վարչապետի խոսքով՝ անցած տարի գրանցված 8.8 տոկոս գնաճը սպասելի էր, իսկ բյուջեի ճեղքվածքը՝ վերահսկելի։ Այդուհանդերձ, ըստ նրա, 2018 թվականին ՀՆԱ-ն կարող է 3.5 տոկոսով նվազել։

Անդրադառնալով անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ նոյեմբերի 1-ին իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը առաջիկա 4 տարում տնտեսական ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է ստեղծել։ Վարչապետի խոսքով՝ Թուրքիային և նրա հարևաններին սպառնացող աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված գործողությունները չեն կարող խափանել Թուրքիայի տնտեսության համաչափ զարգացումը։ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»։

Թուրքիայի վարչապետը խոսել է նաև նախատեսվող սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ գործող Սահմանադրությունը ընդունվել է զինվորական ղեկավարության կողմից 1982 թվականին, և այն փոխելու ժամանակն է։ Դավութօղլուն ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը լինելու է «ավելի ժողովրդավար, լիբերալ, հիմնված մարդու իրավունքների վրա»։

Խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին՝ վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները շարունակելու կարևորությունը։ Նա նշել է, որ եթե Կիպրոսի հարցը այս տարվա ընթացքում լուծում ստանա, ապա Թուրքիա - ԵՄ բանակցությունները տարվա վերջին նոր փուլ կթևակոխեն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նաև Թուրքիայի տնտեսության ինտեգրմանը եվրոպական շուկա։

Անցած երեքշաբթի Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ հրապարակում 10 մարդու կյանք խլած ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ահաբեկչական հարձակումները կանխելու համար, և հույս հայտնել, որ զբոսաշրջիկները կշարունակեն այցելել Թուրքիա։

Ելույթի վերջում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր զարգացման ճանապարհին գլխավորապես հիմնվում է ժողովրդավարական արժեքների վրա, չնայած հարևան Սիրիայում և Իրաքում առկա խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը։

Դավութօղլուն հպարտությամբ նշել է, որ հանդիսանում է 49.5 տոկոս վստահության քվե ստացած կուսակցության ձևավորած կառավարության վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG