Իրանի նախագահ Հասան Ռոհանին ողջունել է իր երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումը, նշելով, որ միջուկային համաձայնագիրը Թեհրանի համար աշխարհի հետ համագործակցելու «նոր պատուհաններ» է բացում:
Այսօր ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, Ռոհանին հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնությունը «շրջադարձային պահ» է Իրանի տնտեսության համար:
Իրանի և վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին` Վիեննայում: Երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են, որ Իրանը կատարել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ինչի արդյունքում այդ երկրի դեմ սահմանված միջուկային պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում: