Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ալյուրի և հացի վաճառքն ազատվել է ԱԱՀ-ից


Ալիևի կարգադրությունը, ըստ էության, հապճեպ արձագանք էր Ադրբեջանի շրջաններում բողոքի տարերային ակցիաներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ, հունվարի 15-ից ավելացված արժեքի հարկից ազատվել են ալյուրի ներկրումը և իրացումը, ալյուրի և հացի արտադրությունն ու վաճառքը։

«Թրենդ»-ը հաղորդում է, որ սրա արդյունքում զգալիորեն իջել են ալյուրի և հացի գները. 50 կիլոգրամանոց ալյուրի պարկը մեծածախ շուկայում վաճառվում է 21.5-22.5 մանաթով, իսկ մանրածախ շուկայում՝ 23-24 մանաթով։

Ալյուրի գնին համապատասխան՝ նվազելու է հացի գինը. 500 գրամանոց հացը վաճառվելու է 30 քեփիքով (կոպեկ), 700 գրամանոցը՝ 40 քեփիքով։

Հաղորդվում է, որ այս գները խախտողների՝ ալյուրը և հացը ավելի բարձր գներով վաճառողների դեմ լուրջ միջոցներ կկիրառվեն։ Թե ինչ միջոցներ՝ չի հստակեցվում։

Ալյուրը, հացը ավելացված հարկից ազատելու Ալիևի կարգադրությունը, ըստ էության, հապճեպ արձագանք էր Ադրբեջանի շրջաններում վերջին օրերի բողոքի տարերային ակցիաներին։

Անցած տարեվերջին մանաթի կտրուկ արժեզրկումից հետո սպառողական ապրանքների գները սկսեցին բարձրանալ։ Ադրբեջանի հինգ շրջաններում, շրջանային կենտրոններում վերջին օրերին բողոքի ակցիաներ անցկացվեցին։ Ադրբեջանի իրավապահները մոտավորապես 60 մարդու են ձերբակալել։ Ձերբակալվածների թվում նաև ընդդիմության ակտիվիստներ կան։ Իշխանությունները մեղավորներ են փնտրում ընդդիմության մեջ։ Գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը հայտարարել են, թե բողոքի ակցիաները կազմակերպվում են ընդդիմադիրների, կրոնական, արմատական և ծայրահեղական խմբերի կողմից։

Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիրներից բացի ձերբակալել են նաև պաշտոնյաների և ոստիկանների։ Ձերբակալվել է Ֆիզուլիի վարչակազմի ղեկավար Շաքիր Հաջիևը, ինչպես նաև նույն շրջանի ոստիկանության երկու աշխատակից։ Ձերբակալված ոստիկանները վարչակազմի ղեկավարի փեսաներն են։

Ադրբեջանական APA գործակալությունը նշում է, որ նրանց ձերբակալումը կապված է հունվարի 13-ին Ֆիզուլիի շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ։

Ադրբեջանում արդեն հաշվարկում և մեկնաբանում են ալյուրի և հացի բիզնեսը ավելացված արժեքի հարկից ազատելու Իլհամ Ալիևի կարգադրության հետևանքները։

Մասնավորապես, անցյալ տարվա 11 ամիսներին Ադրբեջան է ներմուծվել 276 միլիոն դոլարի ալյուր։ Եթե այդ ծավալը պահպանվի, իսկ ավելացված արժեքի հարկը չգանձվի, մոտավորապես 50 միլիոն դոլար բյուջե չի մտնի:

Իսկ իրավաբան Ալաիֆ Հասանովը ասել է, թե հարկից ազատելու որոշումը պետք է ընդունվեր խորհրդարանի կողմից։

«Պետությունը չպետք է ղեկավարվի պաշտոնատար անձանց բանավոր կարգադրություններով։ Օրենք կա, և իրավական որոշումները պետք է ընդունվեն օրենքի շրջանակում։ Տվյալ դեպքում Միլի մեջլիսը պետք է արտահերթ նիստ հրավիրեր և փոփոխություններ կատարեր հարկային օրենսդրությունում», - ասել է նա՝ ընդգծելով, որ ալյուրի, հացի ներկրումն ու վաճառքը ավելացված արժեքի հարկից ազատելը բնակչության օգտին է, սակայն պետք է հաշվի առնել, որ ապագայում կարող են նման ձևով քաղաքացիների իրավունքները և ազատությունները սահմանափակող որոշումներ ընդունվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG