Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Բացի վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի, ասված է հաղորդագրությունում:
Արձանագրված փոխհրաձգության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը: