Մատչելիության հղումներ

Օհանյանը և Խաչատուրովը շարունակում են այցերը զորամիավորումներ


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի՝ բանակային զորամիավորումներ և կայազորներ աշխատանքային այցերը, որ մեկնարկել են շաբաթվա սկզբին, շարունակվել են նաև երեկ։

1-ին և 4-րդ բանակային զորամիավորումներում կայացած ռազմական խորհրդի նիստերում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները՝ ներկայացնելով զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել մարտական պատրաստության ուղղությամբ կազմակերպված միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդմանն ուղղված խնդիրներին, միջանձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթներին և այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին:

Զորամիավորումներում շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման կարևոր գործողություններ։ Երկու զորամիավորումներում էլ 2015-ի ընթացքում իրականացվել են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։

Պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել են, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են տարվա ընթացքում, պետք է լինեն ուղենիշ, իսկ որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերի արդյունքները՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են բանակի մարտունակությանը: Բանակն իր խնդիրը կատարում է՝ առաջին հերթին ամուր պահելով սահմանների անառիկությունն ու ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը, ընդգծել է նախարարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ որոշ թերացումներն ու բացթողումները վերացնելու համար, միաժամանակ նախանշել մի քանի ուղղություններ, որոնց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն։

Նիստերի ընթացքում մի շարք զինծառայողներ արժանացել են պարգևների՝ մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG