Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնականին


Լուսանկարը՝ արտգործնախարարության
Լուսանկարը՝ արտգործնախարարության

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմանը։

«Ուրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր ու բազմակողմանի կապերի առավել ամրապնդման ուղիները, ինչը թույլ կտա հասնել մեր ընդհանուր նպատակին, այն է` ազատ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ», - իր հերթին ասել է Կապչանը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել հրատապ միջազգային խնդիրների շուրջ:

«Գոհունակությամբ նշվեց, որ 2015 թվականը բավականին դինամիկ տարի էր երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից. ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը, անցյալ տարվա մայիսին ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծված առևտրի և ներդրումների խորհրդի անդրանիկ նիստը կայացել է անցյալ նոյեմբերին Երևանում։ Գումարվել է նաև տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարին, հակամարտությունների կարգավորման ուղիներին, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Չարլզ Կապչանն անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին:

Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահության հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG