Նախօրեին Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ծնունդով Սաուդյան Արաբիայից Նաբիլ Ֆադլին է, ով Սիրիայի քաղաքացի էր։ Թուրքական իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել, որ սիրիացի ահաբեկիչը Թուրքիա է մուտք գործել հունվարի 5-ին։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ նրա անունը ընդգրկված չի եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձանց ցուցակում, այդ պատճառով էլ ահաբեկիչը հսկողության տակ չի գտնվել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան այսօր գերմանացի իր գործնկերոջ Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է, որ երեկ երեկոյան ահաբեկչության գործով մեկ մարդ է ձերբակալվել։ Թուրքական ոստիկանությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացրել երկրի 7 շրջաններում՝ ձերբակալելով 68 մարդու, որոնցից 3-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։
Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մարդիկ մեխակներ են դրել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության վայրում։ Նույն տեղում որոշ զբոսաշրջիկներ լուսանկարվել են։ Հրապարակը գտնվում է ոստիկանական խիստ հսկողության ներքո: Այսօր պարզ են դարձել ահաբեկչությունից զոհվածների անունները։ 10 զոհերից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են, Գերմանիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ևս 11 քաղաքացիներ շարունակում են մնալ հիվանդանոցում։
Ստամբուլի ամենամարդաշատ և զբոսաշրջիկներով լի հատվածներից մեկում տեղի ունեցած այս արյունալի ահաբեկչությունից հետո Թուրքիայի քաղաքացիներն առավել քան մտահոգ են։ Օրեցօր աճող ահաբեկչության վտանգը անապահովության մթնոլորտ է ստեղծում՝ վնասելով երկրի հեղինակությանը և բացասաբար ազդելով տնտեսության վրա։ Թուրքիային մեծ եկամուտ բերող զբոսաշրջության ոլորտն աստիճանաբար անկում է ապրում։
Երեկ առավոտյան Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ հրապարակում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, 15 ը՝ վիրավորվել են, առավելապես՝ զբոսաշրջիկներ։ «Իսլամական պետություն» խմբավորումը, որի հետ են կապում տեղի ունեցած ողբերգությունը, առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։ Թուրքական իրավապահ մարմինները շարունակում են դեպքի քննությունը։