Մատչելիության հղումներ

Օբամա․ «Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր երկիրն է և վերջ»


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների առջև հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 13-ը հունվարի, 2016թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների առջև հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 13-ը հունվարի, 2016թ․

ԱՄՆ 44-րդ նախագահը Կոնգրեսում հանդես եկավ իր ամենամյա վերջին ուղերձով:

Միացյալ Նահանգների առաջնորդությունը աշխարհում, տնտեսության հեռանկարներ, կայուն զարգացում, «հույսի քաղաքականություն»: Սրանք Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի չորս հիմնական թեմաներն էին:

Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ ունենալով՝ Միացյալ Նահանգների նախագահը խոսեց երկիրը համաշխարհային ոստիկանի վերածելուց խուսափելու անհրաժեշտության մասին՝ միևնույն ժամանակ կարևորելով անվտանգության ու աշխարհում առաջնորդ դիրքերի պահպանումը:

Ըստ Օբամայի՝ աշխարհում սպասում են, որ առաջնորդի դեր է խաղալու Վաշինգտոնը, այլ ոչ թե Պեկինը կամ Մոսկվան.- «Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր երկիրն է և վերջ: Մեր բանակի հատկացումներն ավելի շատ են, քան մեզ հաջորդող ութ երկրների ընդհանուր ծախսերը: Եվ երբ խոսքը որևէ լուրջ միջազգային խնդրի մասին է, աշխարհի ժողովուրդները չեն ակնկալում, որ առաջնորդողի դերը կխաղա Պեկինը կամ Մոսկվան, նրանք մեզ են դիմում»:

Կոնգրեսին ուղղված իր վերջին՝ ամփոփիչ ուղերձի հիմնական մասը նվիրված էր Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությանը՝ տնտեսական աճին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կրթությանը, միգրացիայի, առողջապահական բարեփոխումներին, սոցիալական հավասարության հասնելուն, հանրապետականների և դեմոկրատների համագործակցությանը և այլ հարցերի։

Հրաժեշտի ելույթում, ինչպես և սպասվում էր, 2008 թվականից ԱՄՆ-ը ղեկավարող Օբաման ծավալուն անդրադարձ կատարեց ահաբեկչության դեմ պայքարին, որը, ըստ նրա, պետք է տարվի միասնական ուժերով և համակարգված:

«Մենք չենք կարող մեր վերահսկողության տակ վերցնել և վերականգնել ճգնաժամային իրավիճակում հայտնված յուրաքանչյուր երկիր: Առաջնորդությունը դա չէ: Դա ճահիճ տանող և թուլացնող ճանապարհ է: Բարեբախտաբար, գոյություն ունի ավելի խելացի մեթոդ՝ համբերատար և կազմակերպված մարտավարություն, ըստ որի՝ Ամերիկան անհրաժեշտության դեպքում կգործի ամերիկացիներին և իր դաշնակիցներին պաշտպանելու համար, սակայն գլոբալ հարցերում մենք մոբիլիզացնում ենք աշխարհը՝ համատեղ աշխատելու նպատակով», - այսպես ձևակերպեց իր տեսլականը Բարաք Օբաման՝ խոսելով ճգնաժամային իրավիճակներում ԱՄՆ-ի դերակատարության մասին:

Օբամայի համոզմամբ՝ Ամերիկայի խնդիրն է նպաստել համաշխարհային անվտանգության համակարգի բարեփոխմանը։ Առաջնահերթությունը, նրա խոսքերով, մնում է ամերիկացիներին պաշտպանելը ահաբեկչական հարձակումներից, քանի որ ներկա պայմաններում վտանգ կարող է հանդիսանալ ծայրահեղ տրամադրված մարդկանց անգամ ոչ մեծ խումբը։

Սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը ներկայացնել որպես երրորդ համաշխարհային պատերազմ, Օբամայի կարծիքով, կնշանակի խաղալ ահաբեկիչների և ծայրահեղականների խաղի կանոններով։ «Դրանց նկատմամբ հաղթանակի հասնելու համար ընդամենը պետք է, որ Կոնգրեսը հավանություն տա ամերիկյան զինուժի օգտագործմանը այդ զինված խմբավորման դեմ պայքարում»,- ասաց Միացյալ Նահանգների առաջնորդը։

Նա հավաստիացրեց, թե քանի դեռ ինքը Սպիտակ տան ղեկավարն է, ամերիկացիների դեմ հարձակումների կազմակերպիչները կոչնչացվեն։ «Հարցրեք Բին Լադենին, հարցրեք Եմենում «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդին կամ Բենգազիում ամերիկացիների վրա հարձակման կազմակերպիչներին»,- ասաց Օբաման։

Աշխարհին և Միացյալ Նահանգներին սպառնացող վտանգներին անդրադառնալով՝ Օբաման հիշատակեց Ռուսաստանը.- «Այսօր աշխարհում մեզ սպառնում են ոչ այնքան չարիքի կայսրությունները, որքան մեր աչքի առջև փլուզվող երկրները։ Չնայած իր անկող տնտեսությանը՝ Ռուսաստանը շարունակում է զգալի ռեսուրսներ ծախսել Ուկրաինայի և Սիրիայի վրա, երկրները, որոնք դուրս են գալիս ռուսական ազդեցության ուղեծրից»։

Որպես օրինակ՝ Ռուսաստանից բացի Օբաման մատնանշեց նաև Չինաստանը, որի տնտեսական խնդիրները բացասաբար են անդրադառնում ամբողջ աշխարհի տնտեսության վրա, Մերձավոր Արևելքը, որտեղ, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, սրվել են հազարամյա հակամարտությունները։

Միացյալ Նահանգների 44-րդ հեռացող ղեկավարը իր հրաժեշտի խոսքն ավարտեց լավատեսությամբ։ Անդրադառնալով «հույսի քաղաքականությանը»՝ Օբաման ավելի լավ ապագա նկարագրեց, խոսեց միասնականությունից, սակայն, նրա համոզմամբ, դրան հասնելու համար անհրաժեշտ են քաղաքական բարեփոխումներ։

«Սա իմ իմացած Ամերիկան է, սա երկիր է, որը մենք սիրում ենք։ Կյանքին զգոն հայացքով նայող երկիր, որը հավատում է անզեն ճշմարտությանը և առանց նախապայմանների սիրուն։ Հենց սա է մեզ հավատ ներշնչում ապագայի հանդեպ։ Հենց այդ պատճառով ես հավատում եմ մեր ուժին և միասնականությանը»,- իր ուղերձն այսպես ամփոփեց 2016 թվականի նոյեմբերից Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տվող Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG