Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմաբազաների հետ կապված աղմկահարույց դեպքերը նախկին ԽՍՀՄ երկրներում


Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մուտքը, արխիվ
Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մուտքը, արխիվ

Ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով: 2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը։

Ռազմակայանի առկայությունը բազմաթիվ առիթներով հասարակական դժգոհության է արժանացել։ Ըստ որոշ փորձագետների, ռազմաբազայի առկայությունն ինքնին խոչընդոտում է Հայաստանում Արևմուտքի կամ այլ երկրների հնարավոր ներդրումներին, սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Թուրքիայից ենթադրաբար պաշտպանելու փոխարեն ծառայում է բացառապես Ռուսաստանի շահերին։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից առաջ ռուսական ռազմաբազայի հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել նախորդ տարիներին ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քրեական պատմությունների պատճառով:

Քրեական պատմությունների նախադեպերը Հայաստանում

1999 թվականի ապրիլի 14-ին ռուս զինծառայողներ Դենիս Պոպովը և Ալեքսանդր Կամենևը հարբած վիճակում AK-74 տեսակի ինքնաձիգներով անկանոն կրակահերթ էին արձակել անցորդների ուղղությամբ։ Զոհվել է երկու, տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ ստացել՝ 14 մարդ։

2015 թվականի հունիսի 15-ին զորամասի հետնամասում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել էր զորամասի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով։ Ավելի ուշ զինվորի սպանության կասկածանքով բանտարկվեց նույն զորամասի զինծառայող, որն ընդունել էր մեղքը։

Քրեական պատմությունները այլ երկրներում

Քրեական հանցագործությունները հանրային դժգոհության տեղիք են տվել նաև նախկին խորհրդային երկրներում, մասնավորապես՝ Տաջիկստանում։ Վերջին դեպքերից է Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի երկու զինծառայողների մասնակցությամբ տաքսու վարորդի սպանությունը: Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ դատապարտվել են մեկը 17, մյուսը՝ 13 տարվա ազատազրկման Տաջիկստանի քաղաքացի, 36-ամյա Ռահիմջոն Թեշաբոևին սպանելու մեղադրանքով: Նա ուներ 3 անչափահաս երեխա: Դատարանում հերքվեցին ռազմաբազայի հրամանատարության՝ ավելի վաղ հրապարակած պնդումներն այն մասին, թե ռուս զինվորականները հոգեկան խնդիրներ են ունեցել: Պարզվել է, որ սպանության դրդապատճառը եղել է զինծառայողների պարտքը տաքսիստին:

Տաջիկստանում դատավարությունը նույնպես անցավ ռուսական ռազմաբազայի տարածքում։ «Ազատության» տաջիկական ծառայության տեսախցիկի կրիչը խլել էին ռուսական ռազմաբազայի սպաները, մասամբ ջնջելով՝ վերադարձրել ժամեր անց:

Տաջիկստանում վերջին աղմկահարույց դեպքերից էր նաև 22-ամյա Շոիրա Ջոբիրովայի սպանությունը: Նրա դին հայտնաբերվել էր ռուսական ռազմակայանի տարածքում՝ աղբարկղերից մեկում: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր 26-ամյա ռուս սպա, պայմանագրային զինծառայող Իվան Շերբակովը, նա խոստովանել էր մեղքը՝ պնդելով, թե եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Կնոջ մարմնի վրա եղել են բռնության բազմաթիվ հետքեր:

Ավելի վաղ հարբած ռուս այլ զինծառայողներ ծեծկռտուք էին հրահրել, վիրավորել, հայհոյել մարդկանց, ջարդուփշուր արել ապակիները:

Անցյալ տարի ակտիվացան նաև Բելառուսում ռուսական ավիաբազայի հիմնադրման վերաբերյալ հայտարարությունները: Վլադիմիր Պուտինը պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել էր նախապատրաստել անհրաժեշտ հիմքեր՝ Բելառուսում ավիաբազա տեղակայելու կապակցությամբ: Ռուսաստանը արդեն իսկ երկու ռազմական օբյեկտ ունի Բելառուսի տարածքում: Բելառուսի քաղաքացիները բողոքի ցույցեր անցկացրին՝ ընդդեմ ռուսական մտադրությունների. Լուկաշենկոն, նախընտրական շրջանում հայտարարեց, թե պետք չէ ռուսական ռազմաբազա տեղակայել Բելառուսում:

Սեպտեմբերին Reuters գործակալությունը հաղորդեց, որ Մոսկվան մտադիր է խոշոր՝ 300 հա տարածքով ռազմաբազա հիմնադրել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին՝ ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող Լուգանսկի տարածքում:

Ռուսաստանը վերջին տարիներին շարունակում է ընդգծել խորհրդային նախկին այլ պետություններում՝ Ադրբեջանում, Ղրղըզստանում ևս ռազմական ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը:

ՆԱՏՕ-ն վերջին ամիսներին անհանգստություն է հայտնել ռուսական ռազմաբազաների ավելացման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG