Մատչելիության հղումներ

Կալանավորվել են «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչն ու ադմինիստրատորը


Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք:

«2015 թվականի նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-ից 3 հազար ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև», - ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը։

Ըստ ԱԱԾ-ի, «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, երեկ նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG