Մատչելիության հղումներ

Որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով վճիռը չհրապարակվեց


Բանակում մահացած զինվորների մայրերի բողոքի ցույցը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: 13-ը մայիսի, 2015 թ․
Բանակում մահացած զինվորների մայրերի բողոքի ցույցը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: 13-ը մայիսի, 2015 թ․

Պարզվեց, որ գործը քննող դատավոր Արմեն Խաչատրյանին տեղափոխել են այլ դատարան։

Բանակում խաղաղ պայմաններում զավակներ կորցրած ծնողներն այսօր դատարանում անակնկալի եկան. ամիսներ առաջ դատարան էին դիմել՝ պահանջելով պատժել իրենց դեմ բռնություն գործադրած ոստիկաններին ու վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը, թե անցած մայիսին որդեկորույս կանանց նախագահական նստավայրից հեռացնող ոստիկանների գործողությունները համաչափ են եղել։

Այսօր պիտի հրապարակվեր վճիռը, սակայն պարզվեց, որ դատավոր Արմեն Խաչատրյանին տեղափոխել են այլ դատարան։

Բորբոքված, միջանցքներում այս ու այն կողմ գնացող ծնողներն ասում էին, թե փաստորեն դեկտեմբերի 25-ից խորհրդակցական սենյակ մտած դատավորն այդպես էլ այնտեղից դուրս չեկավ։

«Սա հատուկ է արվում», - զայրացած ասում էր բանակում զոհված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: - «Սա դատարան չի՝ սեփական կանտորա ա․․․ իրանք ոնց ուզում են, նենց շարժվում են: Դատավոր Խաչատրյանը գնաց էդ խորհրդակցական սենյակում ի՞նչ արեց․․․»:

Հստակ պարզաբանում այդպես էլ չստանալով՝ որդեկորույս Հովսեփ Մուրադյանը զանգահարեց դատարանի նախագահի աշխատակազմ, որտեղից նրան ուղղորդեցին դատավորի աշխատակազմ: Վրդովված Մուրադյանն ասաց․ - «Եթե դուք այսօր եք իմացել, դատավորը ամսի 25-ին մտել ա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․․․ Պարզվում ա, որ հիմա գալիս ա նոր դատավոր, նոր դատավորը գործին ծանոթանա, դատական քննություն իրականացնի, հետո նոր որոշում․․․ Էդ արդեն կլինի 2019 թիվը»:

Որդեկորույս ծնողներին դատարանի աշխատակազմից հավաստիացրին, թե այս գործով նոր դատաքննություն պետք է նշանակվի։

Փաստաբան Հայկուհի Հարությունյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում աբսուրդ որակեց կատարվածը՝ պնդելով, թե անկախ դատավորի տեղափոխման որոշումից, վերջինս պարտավոր էր գոնե ավարտին հասցնել այս գործը՝ ընդամենը մի քանի րոպե տրամադրելով վճռի հրապարակմանը։

Որդեկորույս ծնողները պնդում են, որ շարունակելու են պայքարն ու առաջիկա հինգշաբթի կրկին կգնան նախագահական նստավայր։

XS
SM
MD
LG